23/09/2014 20:02
Հայ խաղաղապահների գործուղումը Լիբանան մեսիջ է Մերձավոր Արևելքին
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը հայտարարել է, որ հայկական խաղաղապահ ուժերի 32 հոգանոց ջոկատը առաքելության կմեկնի Լիբանան:
Հայ խաղաղապահների գործուղումը Մերձավոր Արևելք ունի կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ այսօր այդ տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն իրադարձություններ՝ կապված Իսլամական պետության ակտիվացման հետ:
Միջազգային հանրությունը միավորվում է Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու համար ու Հայաստանի մասնակցությունը միջազգային տարբեր ձևաչափերով կայունության հաստատմանը բարձրացնում է երկրի և նրա Զինված ուժերի հեղինակությունը:
Չպետք է մոռանալ, որ հայ խաղաղապահները գործուղվում են Մերձավոր Արևելք մի ժամանակաշրջանում, երբ Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Այդ եկեղեցի-հուշահամալիրում ամփոփված են Հայոց ցեղասպանության ընթացքում Դեր Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքներ:
Հայկական խաղաղապահ առաքելությունը երկար ընդմիջումից հետո կրկին վերադառնում է Մերձավոր Արևելք: 2005թ.-ի հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. հոկտեմբերին:
Այս անգամ գործուղումը տեղի է ունենալու Լիբանան, որը Հայաստանի համար բարեկամ երկիր է և որտեղ առկա է ազդեցիկ հայ համայնքը՝ իր կառույցներով, դպրոցներով, եկեղեցիներով:
Նշենք, որ լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատև պատերազմի ու դրա հետևանքով առաջացած անապահովության ու տնտեսական տևական ճգնաժամերի հետևանքով այդ թիվը կրճատվել է հասնելով շուրջ 140-150 հազարի:
Անշուշտ հաճախ տրվում են թե ավելի մեծ և թե ավելի փոքր թվեր, սակայն դրանք հիմնված չեն մարդահամարների վրա: Լիբանանը հայ եկեղեցական խոշորագույն կենտրոններից է: Այնտեղ են գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի և Մերձավոր Արևելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը:
Բեյրութում է գտնվում Սփյուռքում միակ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունը` Հայկազյան համալսարանը:
Այս պահին Լիբանանը կանգնած է հարևան Սիրիայի որոշ շրջաններ իրենց վերահսկողության տակ պահող իսլամիստների հարձակումների վտանգի առջև, ինչը կարող է սիրիական քաղաքացիական պատերազմը տեղափոխել բազմազգ և բազմակրոն Լիբանան, որն իր պատմության ընթացքում ունեցել է քաղաքացիական դաժան պատերազմի փորձը՝ 1975-1990 թթ:
Սիրիայում ասադամետ ուժերի և իսլամիստական տարբեր խմբավորումների միջև ռազմական գործողությունները, որոնք շատ հաճախ վերածվում են ալևիների և սունիների միջև զինված հակամարտության, աստիճանաբար տեղափոխվում են Լիբանան՝ բազմաէթնիկ և բազմակոնֆեսիոնալ պետությունը կանգնեցնելով քաղաքացիական պատերազմի վտանգի առջև:
Սիրիային սահմանակցող 4 մլն բնակչություն ունեցող Լիբանանը սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր ընդունել է 1.300.000 սիրիացի փախստական, որոնց 70 %-ը կանայք և երեխաներ են, 30 %-ը՝ տղամարդիկ, որոնք անցել են պատերազմի բոհով և կարող են անհրաժեշտության դեպքում զենք վերցնել և ապակայունացնել իրավիճակը Լիբանանում:
Սիրիական ճգնաժամի հետևանքով Լիբանանում փախստականների ներհոսքի շնորհիվ ավելացել է սունիների թիվը, ինչը անհանգստացնում է էթնոկոնֆեսիոնալ փխրուն բալանսը պահպանող լիբանանյան ղեկավարությանը:
Սիրիայում ռազմական գործողությունները լիբանանյան հասարակությանը պառակտել են երկու ճամբարի՝ մի հատվածը աջակցում է Հզբոլահին, որը պատերազմում է Սիրիայում՝ Ասադի վարչակարգի պահպանման համար, իսկ մյուս հատվածը՝ համակրում է Սիրիայի ազատ բանակին, որոնք պայքարում են Ասադի դեմ:
Այսպիսով, Լիբանանի կայունությունը և այնտեղ գտնվող լիբանանահայության անվտանգության բավարար մակարդակի պահպանումը բխում է ՀՀ-ի շահերից, ինչպես հայրենակիցների նկատմամբ բարոյական պատասխանատվության, այնպես էլ Մերձավոր Արևելքում հայկական գործոնի և ներկայության պահպանման տրամաբանությունից ելնելով: