23/09/2014 20:13
Կատալոնացիների գրեթե 59 %-ը անկախ պետության ստեղծման կողմնակից է
«Omnibus» հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի հրապարակած տվյալներով՝ Կատալոնիայի բնակչության 58.8 %-ը կողմ է անկախ պետության հռչակմանը, իսկ 31.9%-ը՝ դեմ է այդպիսի որոշմանը:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, հարցվածների 1/3-րդը չի վախենում Կատալոնիայի պետականության հռչակումից, իսկ 11%-ը զգուշանում է դրա հետևանքներից:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը նախորդ շաբաթ ընդունել է ինքնավարության տարածքում անկախության հանրաքվեն արտոնող օրենքը:
Օրենքին կողմ է քվեարկել 106 խորհրդարանական, դեմ՝ 28-ը: Կողմ քվեարկողները ներկայացնում են սոցիալիստական և ազգայնական կուսակցությունները:
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի այդ որոշումը բողոքարկելու է սահմանադրական դատարանում:
Կատալոնիան ամենաշատ ֆինանսներն է տրամադրում Իսպանիայի բյուջե, սակայն հետ է ստանում իսպանական այլ տարածաշրջաններից 16 միլիարդ եվրոյով ավելի քիչ: Կատալոնացիները այդ համակարգը համարում են անարդար:
Կատալոնիայի ինքնավարության 7,5 միլիոն բնակչության 65 %-ը էթնիկ կատալոնացիներ են, որոնք խոսում են իրենց ազգային լեզվով:
Կատալոնիան Իսպանիայում ունի ինքավարության կարգավիճակ և իր ազգային լեզուն օգտագործվում է որպես պաշտոնական, իսկ Կատալոնիայի հարաբերությունները կենտրոնական իսպանական կառավարության հետ կարգավորվում են հատուկ օրենսդրությամբ:
Այդ փաստաթղթում կատալոնացիները ունեն առանձին ազգի կարգավիճակ, իսկ Կատալոնիան`պետության կարգավիճակ:
2009 թ.-ից սկսած Կատալոնիայում տեղի են ունենում ոչ պաշտոնական հանրաքվեներ, որոնց ժամանակ մասնակիցների 100 %-ը կողմ են քվեարկում Իսպանիայից անկախանալուն: