23/09/2014 10:56
Համաշխարհային լրատվամիջոցները հավատացել են Facebook-ի մասին կեղծ լուրին
Համաշխարհային մի շարք խոշոր լրատվամիջոցներ հավատացել են National Report կայքի տարածած հումարոյին տեղեկություններին, որ այս տարվա նոյեմբերից Facebook սոցիալական ցանցը կդառնա վճարովի: Այս մասին հայտնում է Utro.ru-ն՝ հղում անելով «Российская газета» պարբերականին:
Ըստ աղբյուրի՝ National Report-ը մասնագիտացած է կեղծ լուրերի տարածման վրա: Այս կայքում կարելի է գտնել «Վիդեոխաղերը ոգեշնչում են մարդկանց սպանել քրիստոնյաներին և հրեաներին», «Ամերիկացի մուրացիկն ամսական 10 հազար դոլար է աշխատում», «Միշել Օբամայի մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում» և այլն:
Լրատվամիջոցը նաև, իբր, մեջբերել է Facebook սոցցանցի մամուլի պատասխանատուի խոսքերը, թե եթե չեք ցանկանում վճարել սոցցանցից օգտվելու համար, ապա պետք է գրառում տեղադրեք ձեր պատին՝ հետևյալ բովանդակությամբ. «Ես աղքատ եմ, Facebook, խնդրում եմ, ինձանից ամսավճար մի գանձի»:
Լրատվամիջոցների տարածած այս տեղեկատվությանը Facebook-յան իր էջում արձագանքել է «Одноклассники» սոցցանցի մամուլի խոսնակ Իլյա Գրաբովսկին, մասնավորապես, գրելով. «Չեմ հասկանում, ինչո՞ւ են լրատվամիջոցներն այդ կերպ արձագանքել այս լուրին: Դրա հավաստիությունը պարզելու համար բավարար է մտնել այդ կայքի գլխավոր էջ»:
Ի. Գրաբովսկին նաև նշել է, որ Facebook-ը վաղուցվանից դժվարություններ ունի երիտասարդների լսարանը գրավելու հարցում և «սոցցանցը չի հրաժարվի գովազդից ստացված եկամուտից՝ հանուն ամսական կոպեկների»:
Հիշեցնենք, որ երեկ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով National Report կայքին, գրել էին, որ այս տարվա նոյեմբեր ամսից Facebook-ը կդառնա վճարովի, և դրանից օգտվողները պետք է վճարեն ամսական 2,99 ԱՄՆ դոլար: