23/09/2014 18:27
Քառյակը դաշինք չէ, որ պառակտվի. Գալուստ Սահակյան
«ՀՅԴ-ն իր պահվածքի շնորհիվ 90-ականներից հետո կալանավայրերում հայտնվեց, որովհետև ինքն իր մոդելն ունի: Երբ այդ ուժը կոալիցիայի անդամ էր, մշտապես հայտարարում էր, որ հարկավոր է համակարգային փոփոխություններ, այսինքն՝ խորհրդարանական կառավարման մոդել: Որպես կուսակցություն՝ մենք դա կիսել չենք կարող, բայց որպես իշխանություն և պետություն՝ մենք գիտակցում ենք, որ առաջին, երկրորդ Սահմանադրությունները ձևավորում էին պետական կառույցներն ու ենթակառույցները»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին և դրանց հետևանքով Քառյակի պառակտմանը:
«Քառյակը դաշինք չէ, այլ խորհրդարանական քաղաքական ուժ, որը, կապված այսօրվա, իրենց ենթադրությամբ, հրատապ խնդիրներից, կարողանում են որոշակի մոտեցումներ ցույց տալ: Դա միավորում չէ, որը հռչակագրել է, թե ինչ մոտեցում պետք է ունենա և շարժվի դրա հետևից: Այս ընթացքում էլ եղել է, որ Քառյակի որոշ ուժեր այլ տեսակետ են ունեցել: Չեմ կարծում, որ դրանով Քառյակը լուծարվում է, որովհետեւ որպես դաշինք ձևակերպված չէ»,- ասաց Աժ նախագահը՝ ընդգծելով, որ ՀՅԴ-ի դիրքորոշումը սկզբունքային ուժի որոշում է, ուստի ՀՅԴ-ն անում է այն, ինչն իր սկզբունքներին կողմ է.
«ՀՅԴ-ն հիմա պիտի քննադատվի, քանի որ մեզ մոտ արդեն մշակույթ է ձևավորվել, ինչը կառուցողական է, ինչը համագործակցության եզրեր ունի, դա չի ընդունվում ընդդիմության կողմից»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի առաջարկներին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այդ փաթեթի առաջարկները դեռ քննարկման փուլում են: «Այդ պահանջներն այս պահին քննարկվում են: Շատ բաներ կան, որ ընդունելի են, շատ բաներ էլ, որ ընդունելի չեն, իսկ թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ ՀՅԴ-ն հայտարարել էր, որ եթե իրենց պահանջները իշխանությունները չընդունեն, իրենք կմիանան Քառյակին, որովհետեւ կնշանակի, որ իշխանությունը միայն վերարտադրման խնդիր է դրել: ԱԺ նախագահը արձագանքեց այսպես. «Տեսակետի փոփոխությունը չի նշանակում, որ դրանից կփոխվի նաեւ մեր տեսակետը: Չեն սկսել բանակցությունները, դեռեւս Վենետիկի հանձնաժողովն է նյութը քննարկում: Միայն դրանից հետո կլինեն քաղաքական քննարկումներ:
Հարցին՝ Ձեզ համար կարևո՞ր է մեծամասնություն պահպանելը՝ Գ. Սահակյանը պատասխանեց. «Հայաստանում չեք գտնի որևէ կուսակցություն, որի համար մեծամասնություն ապահովելը կարևոր չէ: Համենայնդեպս, ինչպիսի պայմաններ էլ լինի, ՀՀԿ-ն վճռական դերակատարում կունենա ցանկացած ընտրությունների և ցանկացած քաղաքական բանաձևերի մեջ»,- ասաց նա: