23/09/2014 16:39
Երևանում կանցկացվի «Հայ ֆեստ» փառատոնը. Բյուջեի կրճատումից որակը չի տուժի
Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «Հայ ֆեստ» 12-րդ միջազգային թատերական փառատոնը`«Փառատոնային իրարանցում» խորագրով: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ այս տարվա առանձնահատկությունը այն է, որ նույն անունը կրող 2 տարբեր թատրոն է գալու Հայաստան, որից աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչրս» թատրոնը կբացի փառատոնը, իսկ բրիտանական «Լիվինգ փիքչրսն» էլ կմասնակցի փառատոնին:
Փառատոնի ընթացքում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում` երաժշտական, տիկնիկային, դրամատիկական և այլն, ինչպես նաև կլինեն բացօթյա ներկայացումներ:
Ա. Ղուկասյանի խոսքով`այս տարի փառատոնին կհյուրընկալվեն 18 երկներից թվով 200 մասնակիցներ և հյուրեր, այդ թվում` հեղինակավոր արվեստագետներ, թատերագետներ, միջազգային տարբեր փառատոների նախագահներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից և այլն:
«Փառատոնին տրամադրվող օգնության քանակը կրճատվել է, սակայն որակը դրանից չի տուժել»,-ասաց նա:
Ներկայացումների մուտքը կլինի անվճար, իսկ փառատոնի բացման ներկայացումը հնարավոր կլինի դիտել հրավիրատոմսերով: