23/09/2014 16:53
Կաչաղակաբերդի շուրջ ծառահատումների հարցը քննարկվեց Արցախի ԱԺ-ում
Արցախում հայտնի զբոսաշրջային վայր Կաչաղակաբերդի շուրջ բնությունը քիչ-քիչ պակասում է: Այնտեղ արդեն ճանապարհներ են բացվել, իսկ շրջակայքում աղբ է: Այս մասին՝ karabakh-open.info-ի փոխանցմամբ, Արցախի Ազգային ժողովի օրերս կայացած նիստում բարձրաձայնել է պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը:
Նրան հետաքրքրում էր, թե, արդյոք, օրենքի սահմաններու՞մ են իրականացվում ծառահատումները և եթե այո, ապա պարտադրվո՞ւմ է ծառեր հատողներին պահպանել շրջակայքի մաքրությունը։
Ի պատասխան փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ կառավարությունում տեղյակ են խնդրին և բնապահպանության վարչությանը հանձնարարել են ուսումնասիրել ու անմիջապես դադարեցնել ծառահատումները, եթե դրանք ապօրինի են։
Փոխվարչապետը հավաստիացրել է նաև, որ Կաչաղակաբերդը կլինի առանձնացված տարածք ու զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Այն կընդգրկվի մոտակա Քոլատակ գյուղում նախատեսվող զբոսաշրջային ծրագրում, որը պատրաստ է հովանավորել բարերար Հայկ Մաղաքելյանը։
Հարցուպատասխանին միացել է նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կառավարության ուշադրությունը հրավիրելով վերջին շրջանում հանրապետությունից փայտի մեծ հոսքի վրա, նշելով.
«Թե ուր է գնում այդ հոսքը՝ անհասկանալի է»։