23/09/2014 18:14
ՀՀ-ում մեկնարկում է արդյունաբերության զարգացման նոր ծրագիր
Այսօր տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ծրագրի մեկնարկին նվիրված շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության` ՄԱԱԶԿ-ի Արդյունաբերական զարգացման հիմնադրամին կատարած ներդրումներից:
Միջոցառմանը մասնակցել են. ՀՀ կառավարության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության այլ պաշտոնյաներ, դոնոր կազմակերպության կողմից՝ Հայաստանում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովը, դեսպանության աշխատակիցներ, ՄԱԱԶԿ -ի կողմից` Վիեննայի գլխավոր գրասենյակի ծրագրերի զարգացման և տեխնիկական համագործակցության տնօրինության բիզնեսի, ներդրումների և տեխնոլոգիական ծառայությունների բաժանմունքի տնօրեն Մոհամեդ-Լամին Դհաոուին, արդյունաբերական զարգացման ծրագրերի պատասխանատու Ֆարուխ Ալիմջանովը, Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ՄԱԱԶԿ Վիեննայի գլխավոր գրասենյակի ծրագրերի զարգացման և տեխնիկական համագործակցության տնօրինության բիզնեսի, ներդրումների և տեխնոլոգիական ծառայությունների բաժանմունքի տնօրեն Մոհամեդ-Լամին Դհաոուին:
Այնուհետև պարոն Դհաոուին համառոտ ներկայացրել է Ծրագրի հիմնական դրույթները, որից հետո տեղի է ունեցել ստորագրման պաշտոնական արարողությունը:
Ծրագրի նպատակն է պահպանել և մեծացնել տեքստիլի և հագուստի արտադրության տեղական ձեռնարկությունների մասնաբաժինը ներքին շուկայում և նպաստել տարածաշրջանային և միջազգային շուկաներում Հայաստանի արդյունավետ ինտեգրմանը: Մասնավորապես ծրագիրն օգնելու է ՓՄՁ-ներին զարգացնելու և արդիականացնելու իրենց տեխնիկական կարողությունները` որակյալ և բարձրարժեք դիզայնով հայկական արտադրանք շուկա հանելու նպատակով: Նշված նպատակին հասնելու համար նախատեսվում է արդիականացնել նորաձևության և մոդելավորման ոլորտի տեխնիկական ներուժը, ինչպես նաև արտադրողների ու դիզայներների միջև ստեղծել համագործակցություն, ձևավորել բիզնես ցանց և խթանել արտահանումը: