23/09/2014 09:22
ՀՀԿ-ին ավելի շատ մտահոգում են ընդդիմության ներսում առկա խնդիրները. «Առավոտ»
«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Հարցին, ՀՀԿ-ն շա՞տ է մտահոգվում հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի համատեղ հանրահավաքով, պատգամավորը պատասխանել է.
«Մտահոգվա՞ծ: Անշուշտ, ինչպես կարող ենք չմտահոգվել հայրենի ընդդիմության խնդիրներով: Մի բուռ ազգ ենք ու մեկս մյուսի հոգսերով պիտի ապրենք: Ասում են՝ ուժեղ ընդդիմություն ունենալը քաղաքական մեծագույն հաճույք է, հետարքրքիր է՝ բավականաչափ ուժե՞ղ են հայրենի փառապանծ ընդդիմությունն ու փառահեղ այլընտրանքը միասին, կարողանալո՞ւ են իրենց հայտարարած աշխարհացունց հանրահավաքն իրականացնել: Եթե քիչ մարդ լինի անկեղծորեն կտխրեմ, քանի որ «Ժառանգությամբ», ՀԱԿ-ով և այլ ընտրյալներով «թեժ գարունից», «թեժ ամառից» հետո «թեժ աշնանը» հավաքվել և մի քանի հազար հոգու համար առաջ մտքի մարգարիտներ շռայլելը, կարծում եմ, ոչինչի չի տա ոչ ասողին, ոչ լսողին: Հավանաբար, կլինեն երկարաշունչ, «տնային աշխատանքի» ձևաչափով ելույթներ: Եվ նրանք, ովքեր կգնան այդ հանրահավաքին արդեն բոլոր ելույթները անգիր գիտեն:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահ դառնալու հավակնություններին, Մարգարիտ Եսայանն ասել է. «Իհարկե, պարոն Ծառուկյանը պետք է հավակնի, եթե չհավակնի, ինչի՞ համար էր կուսակցության առաջնորդ դառնում, ծախսեր անում, բարի գործեր անում, խոսում ժողովրդի հոգսերից ու կարիքներից: Բայց ամեն հավակնություն իր ժամանակն ունի: Այսօր դրա ժամանակը չէ, մեր երկիրն ունի ուժեղ նախագահ, նախագահին հարիր պատրաստվածություն, կենսագրություն, պատասխանատվություն և պահվածք ունեցող նախագահ և ակնհայտորեն տեղին չեն այլոց հավակնությունները»: