23/09/2014 13:22
«ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից Հայաստանը կարող է նաև շահել»
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի համար ունի ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական նշանակություն: Ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Երեք տարի գնում էինք դեպի Եվրամիություն ու միանգամից մեր վեկտորը փոխվեց, և մեր ռազմավարական գործընկերոջ հետ գնացինք դեպի Եվրասիական տնտեսական միություն: Որոշելով անդամակցել այս կառույցին՝ մեր երկիրը նախընտրեց անվտանգության երաշխիքը»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Մինսկում նախատեսված է քննարկել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու հարցը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներին և դրա անդրադարձը Հայաստանի վրա, ապա Մ. Մելքումյանն ընդգծեց, որ կիրառվող պատժամիջոցների շնորհիվ Հայաստանը կարող է գյուղատնտեսական ապրանքների արտահանումն ավելացնել:
Միևնույն ժամանակ, շարունակեց խոսքը նա, Հայաստանում կան ռուսական խոշորագույն բանկերի և կորպորացիաների մասնաճյուղեր, հետևաբար, կիրառվող պատժամիջոցները կարող են նաև որոշակի խնդիրներ առաջացնել:
«Ռուսաստանի նկատմամբ պատժամիոցները բերելու են ՌԴ տնտեսության թուլացման, ինչը որոշակիորեն ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա»,- ասաց ԲՀԿ պատգամավորը: