23/09/2014 19:16
«Ռոստելեկոմը» Հայաստանում այլևս չի արգելափակում ՌԴ-ում արգելված կայքերը
Ամռան սկզբից «Ռոստելեկոմի» հայաստանյան օգտատերերի համար արդեն չեն գործում որոշ կայքերի վրա դրված «Ռոսկոմնադզորի» արգելափակումները: Այս մասին Մոսկվայում, «Ռոստելեկոմի» գլխավոր գրասենյակում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության ինտերնետ-պրովայդերների հետ փոխգործակցության բաժնի պետ Ալեքսեյ Ռոգդևը:
«Պետք է ասեմ, որ կայքերն արգելափակվում էին նաև Հայաստանում, քանի որ զուտ տեխնիկական առումով դժվար էր առանձնացնել արգելափակման ենթակա թրաֆիկը: ՌԴ ենթաօրենսդրական ընդունված ակտերն իրականացնելու համար մենք միայն մի տարբերակ ունեինք՝ արգելափակումներ կատարել IP-ներով: Սա, իհարկե, արգելափակման շատ կոպիտ ձև է»,- հայ լրագրողներին ասաց Ալեքսեյ Ռոգդևը՝ բացատրելով, որ այս ընթացքում ընկերությունն արգելափակումներ իրականացնելու ավելի նուրբ մեխանիզմներ էր փնտրում:
«Մեր գլխավոր բարդությունն այն էր, որ գործ ունեինք թրաֆիկի հսկայական ծավալների հետ: Ու կարևորն այն է, որ կոնկրետ Հայաստանում մեր դուստր ընկերության՝ «Ջի Էն Սի-Ալֆայի» տրաֆիկը անցնում է «Ռոստելեկոմի» ընդհանուր ցանցով: Հետևաբար, պետք էր քննել ամբողջ այդ հսկայական թրաֆիկն ու ինչ-որ կերպ բաժանել՝ մի մասը արգելափակել, մյուս մասը՝ ոչ»,- ասաց Ալեքսեյ Ռոգդևը՝ ընդգծելով՝ բնականաբար ՌԴ օրենսդրությունը պետք է գործի միայն ՌԴ տարածքում:
«Ամռան սկզբում մենք կարողացանք գտնել այն մեխանիզմը, որով «Ջի Էն Սի-Ալֆայի» և մեր մյուս միջազգային գործընկերների տրաֆիկը չի արգելափակվում: Դրա մասին դեռևս պաշտոնապես չենք հայտարարում, քանի որ մեխանիզմն ակտիվ փորձարկման փուլում է, սակայն կարող ենք վստահաբար ասել, որ ՌԴ-ում արգելափակվող կայքերը Հայաստանում այլևս չեն արգելափակվում»,- ասաց Ա. Ռոգդևը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում ընդունված ենթաօրենսդրական որոշ ակտեր պարտադրում են, որպեսզի արգելափակվեն մանկական պորնոգրաֆիա տարածող, ինչպես նաև սուիցիդի ու ահաբեկչության կոչ անող մի շարք կայքեր: Մինչև այս ամառ արգելքը տարածվում էր նաև ՀՀ-ում «Ռոստելեկոմի» բաժանորդների վրա: