23/09/2014 16:30
Աբովյանում կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ
Աբովյան քաղաքի բնակչուհի Ռաիսա Մարգարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցագործության մի շարք հանգամանքներ և ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, սպանությունը կատարելու կասկածանքով՝ սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է երկու անձ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ռ.Մարգարյանի սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։
Ըստ նախաքննության տվյալների՝ առերևույթ հանցագործության մեջ կասկածվող անձինք մուտք են գործել նշված բնակարան, մի քանի անգամ հարվածել 1944 թ ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, սրբիչով խեղդամահ արել, այնուհետև ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր՝ դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով): Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: