23/09/2014 20:20
ԱՄՆ-ը օդային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետությանը»
Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները օդային հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» հենակետերին:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ հարվածները իրականացնում են կործանիչները և Tomahawk հրթիռները:
Մինչ այդ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ օդային հարվածները թուլացնելու են իսլամականների ուժերը Իրաքում և Սիրիայում:
Նշվում է, որ ԱՄՆ-ի հետ միասին Սիրիային օդային հարվածներ հասցնելու գործողությանը մասնակցում է նաև Հորդանանը, Բահրեյնը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում կարողացել է հասնել արաբական 10 պետությունների մասնակցությամբ՝«Իսլամական պետության» դեմ ռազմաքաղաքական կոալիցիայի ձևավորմանը: Ջիդդայում ստորագրված փաստաթղթի համաձայն, կոալիցիայի մեջ մտնող երկրները պետք է համատեղ պայքարեն «Իսլամական պետության» դեմ, թույլ չտան իսլամիստների ֆինանսավորումը և զինումը, ինչպես նաև փոխանակվեն հետախուզական տվյալներով:
Պարսից ծոցում ԱՄՆ-ն կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք, որը կարող է օգտագործվել Իսլամական պետության դեմ պայքարելու համար:
Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ: Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:
Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:
Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները: Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:
Շատ հաճախ, Պարսից ծոցի այդ երկրներին անվանում են մինի-ՆԱՏՕ՝Վաշինգտոնի հետ ունեցած սերտ ռազմաքաղաքական համագործակցության համար: