29/09/2014 17:02
ԵԽԽՎ նախագահը ծրագրում է Հայաստան այցելել. Արմենպրես
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար չափազանց կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումները ԵԽԽՎ շրջանակում: Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է կառույցի նախագահ Անն Բրասյորը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում առաջարկել է, որ երկու երկրների պատվիրակությունները հանդիպեն իր գրասենյակում, սակայն առաջարկը մերժվել է:
Նա հերքել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե ինքն առաջարկել է հանդիպումներ կազմակերպել Ադրբեջանի տարբեր համայնքների հետ: Բրասյորը նշել է, որ իր գերխնդիրը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը կազմակերպելն է` այն, ինչ հաջողվել էր ԵԽԽՎ նախկին նախագահին:
ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ առաջիկայում անպայման նախատեսվում է այցելել Հայաստան, քանի որ կարևորում է հակամարտության բոլոր կողմերի հետ հանդիպումներն ու քննարկումները: Թեպետ արդեն բանակցություններ են տարվում պատվիրակության և դեսպանության հետ, այդուհանդերձ՝ այցելության հստակ ժամկետներ դեռ նախանշված չեն: