29/09/2014 13:19
Ա. Աղաբաբյանը կապ չունի Ոսկու շուկայի հետ. «Ինչո՞ւ եք ժողովրդին ոտքի հանել»
Աշոտ Աղաբաբյանը բաղնիքի հարևանությամբ գտնվող Ոսկու շուկայի հետ ընդհանրապես կապ չունի, համենայնդեպս, այսպես է վստահեցնում ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով հանրությանն առավել հայտբնի է Բուռնաշ մականվամբ:
Այսօր ԱԺ միջանցքում լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կապ ունի նա ոսկու շուկայի հետ, վերջինս հերքեց կապը` նշելով, թե ինքը չի հասկանում, թե խոսքն ինչի մասին է:
«Մարդկանց հրահրում եք փողոց դուրս գալ: Ես այդ շուկայի հետ ընդհանրապես կապ չունեմ: Ինչու եք ուզում ժողովրդին գրգռել, ոտքի հանել: Ասեք տեսնեմ: Դուք՝ ժուռնալիսներով, այնքան կաք, այնքան խելոք եք, որ ժողովրդի կողմն եք, իսկ մենք` դեմ»,-ասաց նա:
Անդրադառնալով Շրջանառության մասին օրենքին, որի դեմ բողոքում են առևտրականները, պատգամավորը նշեց, որ օրենքը թույլ կտա վերացնել խախտումները:
«Մենք իրանց բացատրում ենք, որ չի կարելի խախտումներով աշխատել: Ընկնում ենք ընդդիմության խելքին, որն ուզում է նորից գալ իշխանության և նորից թալանի»,- վրդովվեց պատգամավորը` հավելելով, որ հենց ընդդիմությունն էլ այդ մարդկանց հրավիրել է ԱԺ-ի դիմաց: