29/09/2014 10:04
«Գրական տապանն» ավարտեց նավարկությունը
Սեպտեմբերի 18-ից մեկնարկած «Գրական տապան» միջազգային փառատոնն ավարտվեց: Տասնօրյա նավարկությունը աշխարհի 11 երկրներ ներկայացնող գրողների համար դարձավ Հայաստանը ճանաչելու լավագույն առիթը:
Փառատոնի մասնակիցներն այս ընթացքում եղան Հայաստանի գեղատեսիլ վայրերում, այցելեց մշակութային օջախներ, հանդիպեցին հայ ուսանողների և ընթերցողների հետ:
Տապանի հնաբնակներից Կլաուդիո Պոցանին, ով ներկայացնում է Իտալիան, Հայաստանում տոնեց ծննդյան օրն ու, ինչպես ինքն է ասում՝ «անկախությունը»:
«Ես ու Հայաստանն իրար գտանք միաժամանակ: Ես սիրեցի ձեր երկիրը, այն յուրահատուկ է: Շատ ուրախ եմ, որ հենց այստեղ նշեցի ծննդյանս օրը՝ անկախությունս, անկախ երկրում, ընթերցողների հետ հանդիպման ընթացքում»,- պատմեց Պոցցանին:
Այս տարի, ի դեպ, Կլաուդիո Պոցցանին և Մոլդովան ներկայացնող Վիկա Չեմբարցեվան Մշակույթի նախարարության կողմից արժանացան «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի՝ «Գրական տապան» միջազգային փառատոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
«Գրական տապան» փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այն հնարավորություն է տալիս հայաստանյան բուհերի ուսանողներին շփվել արտասահմանցի գրողների հետ, ծանոթանալ նրանց գրականությանն ու ժամանակակից արվեստին:
Այս տարի բուհերի ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու հանրահայտ բրիտանացի գրող Մեգ Ռոսոֆի, իտալացի Կլաուդիո Պոցցանիի և Ռուսաստանը ներկայացնող Ալիսա Գանիևայի հետ: Իսկ փառատոնի վերջին օրերին հայ ընթերցողների հետ հանդիպեց լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին, ով «Գրական տապան» փառատոնին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի նա տապանի շրջանակներում առանձնահատուկ ծրագիր ունի. Հայաստանում հրատարակվել է Վիշնևսկու նոր՝ «Գրանդ» վեպը՝ հայերեն թարգմանությամբ:
Փառատոնի փակման միջոցառումներից սիմվոլիկ էր տապանի մասնակիցների այցը Կոմիտասի անվան պանթեոն: Կոմիտաս վարդապետի հիշատակը հարգելուց հետո, հայ և արտասահմանցի գրողները միացան նաև համաշխարհային յուրօրինակ մի ակցիայի՝ «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության»:
«Գրական տապան» փառատոնի ավանդույթների համաձայն՝ այս տարի ևս ընտրվեց տապանի առաջնորդ՝ Նոյը: Այս տարի տապանի Նոյն էր Դանիան ներկայացնող Քեյթ Ռոյսթերը, ով բոլորին հմայել էր իր իմաստնությամբ և բարությամբ: Նա նաև «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը» գրքի հեղինակն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության ու վերապրածների վկայությունների մասին:
Այս 10 օրերի ընթացքում փառատոնի մասնակիցները եղան ոչ միայն Հայաստանի մարզերում, այլև՝ Արցախում: 5-օրյա ճամփորդության ընթացքում արտասահմանցի հյուրերը եղան Շուշիում, Տիգրանակերտում, Գանձասարում և մի շարք այլ վայրերում, մասնակցեցին միջոցառումների ու հանդիպեցին արցախցի ընթերցողների հետ: Հայաստանից և Արցախից ստացած տպավորությունները հայտնի գրողները կներկայացնեն իրենց ստեղծագործություններում, որոնք մյուս տարվա ընթացքում կհրատարակվեն ամենամյա ժողովածուի կազմում:
Հիշեցնենք, որ «Գրական տապան» փառատոնն այս տարի անցկացվում էր արդեն 5-րդ անգամ: Միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նախորդող հրապարակումներ՝ «Գրական տապանը» մեկնարկում է. Հայ և եվրոպացի գրողները կհանդիպեն Երևանում
Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը
«Գրական տապանը» սկսեց իր 5-րդ նավարկությունը
Գրական Տապան 2014. Սերժ Վենտուրինի. Ես ինձ նաև հայ գրող եմ համարում