29/09/2014 13:11
Սրտի անվճար ստուգման բաց դռների օր` «Էրեբունի» հիվանդանոցում
«Էրեբունի» բժշկական կենտրոնը այսօր` Սրտի համաշխարհային օրը, կազմակերպում է Բաց դռների օր. Ցանկացողները կարող են դիմել և ստանալ անվճար խորհրդատվություն, անցնել համապատասխան հետազոտություններ:
Կարող են դիմել բոլորը` և՛ առողջ, և՛ գանգատներ, նաև սրտի հետ երբևէ խնդիրներ ունեցող անձինք. Պացիենտները նախ կստանան բժշկի առաջնային խորհրդատվություն և ըստ բժշկի ցուցումների կանցնեն հետազոտություն:
Նշենք, որ 2000 թվականից ի վեր` ամեն տարի սեպտեմբերի 29-ը նշվում է որպես Սրտի համաշխարհային օրը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` սիրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են: Սրտային հիվանդություններից ու կաթվածից ամեն տարի ամբողջ աշխարհում 17,3 միլիոն մարդ է մահանում ու տարեցտարի այդ թիվն աճում է: Կանխատեսվում է, որ 2030-ին այդ ցուցանիշը կհասնի տարեկան 23 միլիոնի:
Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սրտային հիվանդություններից և ինսուլտից վաղաժամ մահերի առնվազն 80%-ը հնարավոր է կանխել, եթե վերահսկվեն հիմնական ռիսկի գործոնները` ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը: