29/09/2014 12:20
Ս. Խաչատրյանին տալիս եք սպանություններ, լկտիություններ կատարելու արտոնագի՞ր
Այսօր խորհրդարանում մեկնարկեց հերթական քառօրյան: Նիստի մեկնարկին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրերս Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը:
Պատգամավորն ասաց, որ Սյունիքի նախկին և հիմա արդեն գործող մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը, իր տան մոտ «անձամբ է սպանել Ավետիք Բուդաղյանին, հիմնավորել եմ նաև, որ նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը կոծկել է այդ փաստերը, հայտնի է նաև մամուլում, որ նրա կատարած սպանությունը կոծկվել է իշխանությունների կողմից»:
Այս ամենը, շարունակեց խոսքը Ն. Փաշինյանը, հայտնի է մամուլում, սոցիալական ցանցերում. «Արմատացած է այն համոզմունքը, որ Սուրիկ Խաչատրյանի կատարած սպանությունը կոծկվել է ամենաբարձր մակարդակով»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ նրա ընտանիքի կատարած տարբեր հանցանքների մասին ևս խոսվել է:
«Հիմա՝ Սուրիկ Խաչատրյանին ձեր կառավարությունը նշանակում է Սյունիքի մարզպետ: Պարոն Սահակյան, որպես իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ, կարո՞ղ եք ասել, թե ինչ եք ուզում այդ ամենով ասել՝ սյունեցիներից մեկին ոչնչացրածին, վերստին նշանակելով մարզպետ, կարո՞ղ ենք արձանագրել, որ Դուք նրան Կառավարության որոշման մակարդակով տալիս եք Սյունքիում և Հայաստանի այլ տարածքներում սպանություններ և այլ լկտիություններ կատարելու արտոնագիր»,- ասաց Ն. Փաշինյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Ի պատասխան ԱԺ նախագահը նախ ասաց, որ պատգամավորի բարձրացրած թեման կապ չուներ օրակարգի հետ:
«Երբ կկարողանաք ԱԺ-ին դատաիրվական, քննչական գործողությունների լիազորություններ տալ, այդ ժամանակ էլ այդ հարցը կարող եք ուղղել ԱԺ-ին, իսկ եթե հնչեցնում եք, որ ժողովուրդը լսի, ապա արդեն հնչեցրել եք»,- ասաց նա: