29/09/2014 18:22
Հնագիտական առարկաները երբեմն իրացվում են «սև» շուկայում
Վերնիսաժում երբեմն վաճառվում են հնագիտական առարկաներ: Aysor.am-ի` հնագիտական իրերի առք ու վաճառքի վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հանգիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նա նաև նշեց, որ նման մարդկանց անվանում է մարադյորներ, ովքեր հին գերեզմաններ են քանդում, գտածները վաճառում, սակայն կան դեպքեր, երբ մարդիկ իրենց տնամերձում են հնագիտական իրեր գտնում:
Պ. Ավետիսյանը նշեց, որ Հայաստանում մարդիկ բնակվում են նույն տեղերում, ինչ հազար կամ հինգ հազար տարի առաջ, այնպես որ, հնագիտական իրեր գտնելու հավանականությունը տնամերձերում մեծ է:
Նա վստահեցրեց, որ հնագիտական իրերի առք ու վաճառքը որևէ կապ չունի հնագիտական կենտրոնների հետ, իսկ թե ինչպես է կազմակերպվում հնագիտական օջախների պահպանությունը, Պավել Ավետիսյանը նշեց, որ երկու կազմակերպություն կա, որոնք իրականացնում են պահպանությունը, թեև, խոստովանեց, որ դրանց թիվը քիչ է, որոշակի հույս կա, որ համայնքները, որտեղ իրականցվում են հնագիտական պեղումները, տեղյակ են հնագիտական պեղումներից և ուշադիր են:
Պավել Ավետիսյանը շեշտեց, որ երբեմն գտածոներով մարդիկ գալիս են հնագիտության ինստիտուտ, որպեսզի վաճառեն իրը, արժեքավոր գտածոյի պարագայում՝ ինստիտուտում փորձում են գնել, կամ «զոռով շառով» վերցնել, թեև պետութունը նման ծախսերի համար գումար չի հատակցնում, ստիպված դիմում են հովանավորների:
Մեծ հաշվով, հնագիտության ինստիտուտի տնօրենի հույսը մարդկանց բարձր ինքնագիտակցությունն է, որ հայերը նման իրերի առք ու վաճառքով չզբաղվեն:
Չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ Հայաստանից դուրս բերված հնագիտական իրերը, ի վերջո, կհայտնվեն, օրինակ, որևէ թուրքական թանգարանում: