29/09/2014 18:10
Փոստանջյանը՝ Շարմազանովին. «Ձեր մասով էլ պետք է մի օրինագիծ ներկայացնեմ»
«Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ համաձայն այս փոփոխությունների՝ կարգազանց կհամարվեն այն պատգամավորները, որոնք նիստի ընթացքում աղմկում են և չեն կատարում «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջները:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ԱԺ կանոնակարգը խախտողի նկատմամբ նիստը վարողը պետք է կիրառի պատժամիջոցներ՝ նախ հրապարակի անուն-ազգանունը, ապա խոսափողն անջատի և զրկի մինչև վեց օր նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքի։
Պատգամավորի համոզմամբ՝ եթե նույնիսկ օրինագիծն ընդունվի, հարցը չի կարող լուծում ստանալ: «Մենք ունենք նաև բաց նիստը վարողի կարգազանցությունների հետ կապված խնդիր, երբ նիստը վարողն անհարկի անջատում է խոսափողը: Ձեր մասով էլ պետք է մի օրինագիծ ներկայացնեմ, պարո՛ն Շարմազանով»,- դիմեց նա ԱԺ փոխնախագահին՝ նկատելով, որ հատկապես այդ հարցում Շարմազանովն է «չարաշահումներ» թույլ տվել:
«Դուք ռեկորդ եք արձանագրել և ամենաշատը դուք եք անջատել խոսափողը»,- ասաց Փոստանջյանը՝ նկատի ունենալով հավանաբար իրեն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց՝ նշելով, թե պետք չէ սեփական կարծիքը ամրագրել որպես օրենքի խախտում, այն դեպքում, երբ պետք է պայքարել կարգազանց պատգամավորների դեմ:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին Զարուհի Փոստանջյանին հիշեցրեց, որ ժամանակին ինքն էր այս դահլիճում ինչ-ինչ «չարաշահումներ» թույլ տվել, երբ ջանասիրաբար պատգամավորների գրանցման քարտերն էր հավաքում:
«Դա հիմա կարգազանցությո՞ւն է, թե քրեական հանցանք»,- հարցերց Խոսրով Հարությունյանը, որին ի պատասխան Զարուհի Փոստանջյանն արձագանքեց.
«Եթե լիներ քրեորեն պատժելի արարք, ապա ընդմիջման ժամանակ Հովիկ Աբրահամյանը իրավաբաններին չէր զանգի և փորձեր խորհուրդ ստանալ՝ քրեորեն հետապնդելի արարք է, թե ոչ: Ես գիտեմ, որ նա անգամ պնդել է, որ գան ու խուզարկեն ինձ, եթե քրեորեն հետապնդելի արարք լիներ, ապա դուք ձեր բոլոր լծակները կօգտագործեիք, որ այդ քարտերը ձեռքիցս տանեիք։ Այնպես որ, եթե հանցակազմ լիներ, գլխավոր դատախազն ինքը գործին ընթացք կտար»,-ասաց Փոստանջյանը:
ԱԺ փոխխոսնակն էլ իր հերթին նշեց. «Փաստորեն եղել է կարգազանցություն»: