29/09/2014 13:44
ՀՀ արտգործնախարարն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծել էց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությունը Հայաստանի զարգացմանը, ամենատարբեր բնագավառների խնդիրների լուծմանն ուղղված օժանդակությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` տիկին Քլարկն ասաց, որ անցած տարիներին Հայաստանի իշխանությունների հետ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռել խոշոր ծրագրեր իրականացնել Հայաստանում, առաջ մղել ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի նպատակաների իրագործումը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել աշխարհի տարբեր մասերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող առաքելության, ինչպես նաև գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված գործունեության վերաբերյալ, քննարկեցվին համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա անելիքներն ու հեռանկարային նախագծերը։
Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի կարևոր խնդիրներին և դրանց լուծման գործընթացներում ՄԱԿ-ի դերակատարությանը։ ՄԶԳԾ-ի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին։
Զրույցի ընթացքում կարևորվել է ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը և ներգրավվածությունը նրանց աշխատանքներին:
Զրուցակիցները խորը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունների կապակցությամբ։ Այս առումով նախարար Նալբանդյանը ողջունել է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում միաձայն ընդունված բանաձևը, որն ուրվագծում է ծայրահեղականների դեմ պայքարի հիմնական ուղղությունները։