30/09/2014 19:50
«Թեև վատառողջ էի՝ ընկերներս չթողեցին, որ տարեդարձիս տոնից խուսափեմ»
Թեև դերասանուհի Անի Պետրոսյանը որոշել էր այս տարի չնշել ծննդյան տոնը, քանի որ փոքր-ինչ վատառողջ է, այնուամենայնիվ, նրան չի հաջողվել խուսափել տարեդարձի միջոցառումից: Դեռևս կեսգիշերն անց նա ընկերների հետ իր համար կարևոր այս օրը նշել է ակումբում, իսկ հետո, արդեն, իրենց տուն են այցելել դերասաններ Ռոման Բաբայանն ու Մարջան Ավետիսյանը, ովքեր օգնել են Անիին երեկույթ կազմակերպել. «Թեև վատառողջ էի՝ ընկերներս չթողեցին, որ տարեդարձիս տոնից խուսափեմ, միևնույնն է, նրանք եկան: Մարջանը սալաթ է պատրաստել, իսկ Ռոմանը՝ խորոված, սպասում ենք հյուրերին»,- Life.panorama.am-ին պատմեց դերասանուհին:
Նրան այսօր ամենաշատը տպավորել է ընկերներից մեկի անակնկալը. «Տարօրինակ նվեր եմ ստացել՝ իսկական նարգիլե, այն էլ՝ տղամարդուց»,- ասաց նա:
Արդեն 33-ամա դերասանուհին, վերլուծելով իր ապրած կյանքը, գոհունակության զգացում է ունենում. «Ես ունեմ հրաշալի մայր, շատ լավ ընկերներ, ովքեր արդեն 15 տարի է՝ ապրելու ուժ են տալիս»,- նկատեց նա:
Անին նպատակ ունի այս տարիքում հասցնել նկարահանվել ավելի շատ գեղարվեստական ֆիլմերում, քան սերիալներում: Ի դեպ, դերասանուհին տեղեկացրեց, որ արդեն ունի մյուս տարվա ամռանը ֆիլմում նկարահանվելու առաջարկ:
Մեր այն հարցին, թե արդյոք դերասանուհին ցանկություն ունի այս տարիքում կարգավիճակի փոփոխություն գրանցել, վերջինս պատասխանեց. «Դեռ չեմ ուզում ամուսնանալ, քանի որ չեմ գտել իմ ասպետին: Գիտեմ, որ կան շատ տղաներ ու տղամարդիկ, ովքեր սիրում են ինձ, նրանց թվում կան նաև լուրջ տրամադրվածությամբ մարդիկ, բայց այս պահին իմ սիրտն ազատ է»: