30/09/2014 12:55
Աղքատություն և գործազրկություն. Փոխնախարարին անհանգստացնող գործոնները
Աղքատության խնդիրը ծառացած է մեր առջև: Տնտեսական ճգնաժամից հետո այդ ցուցանիշը կտրուկ վատացավ մեր երկրում, թեև երկար տարիներ աղքատության հաղթահարման դեմ հետևողական քաղաքականություն էր տարվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը:
«ՀՀ-ում աղքատությունը 2008-ին հասել էր 23-24 տոկոսի, տնտեսական ճգնաժամից հետո, սակայն, մոտ 10 տոկոսով բարձրացավ, 2012-ին աղքատության մակարդակը կազմել է 32,4 տոկոս, իսկ 2013-ն ամփոփված չէ, բայց մի փոքր քիչ կլինի»,- նման վիճակագրություն ներկայացրեց փոխնախարարն՝ ընդգծելով, որ թիվ մեկ խնդիրն այսօր աղքատության հաղթահարումն է:
Խոսելով գործազրկության մասին՝ Ա. Պետրոսյանն ասաց, որ այստեղ ամենաանհագստացնողը երիտասարդների գործազրկության մակարդակն է, որը 23-24 տոկոսի է հասնում, իսկ առհասարակ, գործազրկությունը մեր երկրում կազմում է 17 և մի փոքր ավելի տոկոս:
Ինչ վերաբերում է կենսաթոշկաներին և աշխատավարձերին, ապա փոխնախարարն ասաց, որ թեև պարբերաբար բարձրացումներ են լինում, սակայն դա իրենց չի բավարարում:
«Պետական համակարգում աշխատողների աշխատավարձն այս տարի զգալի բարձրացավ, որն իր դրական ազդեցությունն արդեն իսկ ցույց է տալիս»,- ընդգծեց նա:
Ամփոփելով խոսքը՝ Ա. Պետրոսյանը տեղեկացրեց, որ ամբողջ պետական բյուջեի 30 տոկոսը սոցիալական ոլորտին է հատկացվում, որն այս տարի կազմում է մոտ 362 միլիարդ դրամ, իսկ 2015-ի բյուջեով նախատեսվում է ավելի քան 367 միլիարդ դրամ. «Մոտ 5,5 միլիարդ դրամով նախատեսվում է աճ, որն ուղղվելու է կեսաթոշակների, աշխատավարձի բարձրացմանը»: