30/09/2014 16:23
Արամ Սարգսյանը՝ պետական պարտքի ու այն մեծացնող տարօրինակ վարկերի մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի կուտակած պետական պարքին ու դրա առաջացման ճանապարհներին:
Դեմկուսի նախագահը նշեց, որ իրենք որոշակի ուսումնասիրություն են անցկացրել այս ուղղությամբ ու դրա արդյունքներն արդեն ուղարկել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին.
«Նման մի ուսումնասիրություն ուղարկել էինք նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն նրա կողմից որևէ պատասխան չեղավ այս առումով: Հիմա, քանի որ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ պայքարում է ստվերի դեմ՝ խնդրում ենք, որ նույնն անի նաև պետական պարտքի ուղղությամբ»,- ասաց Արամ Սարգսյանն ու ներկայացրեց պետական պարքի մաս դարձած մի քանի վարկեր, որոնք առնվազն տարօրինակ են.
«Կառուցվածքային բարեփոխումների համար մենք վերցրել ենք 7 վարկ՝ ընդհանուր 205 միլիոն դոլար գումար:
Կառուցվածքային բարեփոխումներով նախատեսվում է որոշել, թե քանի նախարարություն պիտի ունենա հանրապետությունը, այդ նախարարություններում ինչ վարչություններ պիտի լինեն ու ինչ գործառույթներ պիտի դրանք կատարեն: Փաստորեն, ստացվում է՝ մեզ մոտ այդքան ուղեղ չունեն, որ կողքից մեկը պետք է գա ու խորհուրդներ տա այս ուղղությամբ, հետո էլ խորհրդի համար վերցնի նշված գումարի 1/3-ը ու դա մեզ վրա պետական պարքտ մնա»,- ասաց Արամ Սարգսյանը:
Տարօրինակ մյուս վարկերից նա առանձնացրեց «Աղքատության կրճատման աջակցության» ծրագրի համար վերցրած 74 միլիոն դոլարը՝ ընդգծելով, որ այդ գումարով կարելի էր առնվազն 10 հազար աշխատատեղ ստեղծել.
«Հիմա հարց՝ ինչքանո՞վ է կրճատվել մեր աղքատությունը: Եթե դուք աջակցում եք դրա կրճատմանը, ապա դա ի՞նչ բնույթ է կրում, ի՞նչ ճանապարհով է արվում»,- ամբողջացրեց դեմկուսի նախագահը: