30/09/2014 15:16
Նախագահը երկրի ֆլագն ա, դրոշն ա. Առաքել Մովսիսյան
Սեպտեմբերի երեսունն այն վերջնաժամկետն էր, որ ոչ իշխանական ուժերի ներկայացված տասներկու կետանոց պահանջները գործող իշխանությունները պետք է կատարեին:
Հիշեցնենք մայիսին ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները տասներկու կետից բաղկացած պահանջագիր էիր ներկայացրել: Որքանով է կատարված այդ կետերը: Ինչ են մտածում այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով հանրությանն առավել հայտնի է Շմայս մականվամբ, այսօր խրհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան, թե որքանով է կատարված ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 պահանջները, նշեց, որ իր համար կարևորը ոչ թե այդ 12 կետերն են, այլ այսպես ասած, ժողովրդի բարօրությունը:
«Ինչը որ ժողովրդին օգտակար ըլնի, էն էլ կկատարենք, իրանց պահանջներով չի: Պետության կարգավիճակով կկատարենք, ոչ թե իրանց ասելով»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, թե այդ պահանջները ներկայացնելով չէ, որ պետք է պետության հետ երկխոսություն վարեն: «Էս երկրում չկա մեկը, որ ժամկետ դնի ինչ-որ պետության վրա ու ուզենա իրա ասած բաները կատարվի: Ինչ որ պետականորեն կատարվելու ա, կատարվում ա»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե պահանջները ոչ թե պետությանը, այլ իշխանություններին են ուղղված, ինչո՞ւ է իշխանությունն ու պետությունը նույնականացնում, Ա. Մովսիսյանը պատասխանեց այսպես. «Պետությունը մի հատ ա, էդ միտինգավորներներն էլ են մեր ժողովուրդը»:
Առաքել Մովսիսյանը հավաստիացնում է, որ ինքը նորմալ է վերաբերում ոչ իշխանական ուժերի հանրահավաքներին: Նրա խոսքով` եթե անգամ ընդդիմություն էլ չլինի, ապա այդ դեպքում ամեն ինչ նորմալ իր հունով կընթանա: «Եթե ընդդիմություն չըլնի երկրում, ուրեմն հարյուր տոկոսով ամեն ինչ պտի լավ ըլնի»,- ասաց նա:
Հարցին, թե ԲՀԿ-ին համարո՞ւմ է ընդդիմություն, Առաքել Մովսիսանը պատասխանեց «Ինքը առաջուց էլ միշտ էլ պետության համար ընդդիմություն ա եղել, և ես նորմալ եմ գնահատում դա: Ընդդիմությունը, եթե ինչ-որ մի բան տեսնում ա սխալ կամ ճիշտ, պետք ա իրանք էլ իրանց խոսքն ասեն: Նրանք էլ մեր ժողովուրդներն են»,- նշեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե նրանք իշխանափոխություն են ուզում, ԱԺ պատգամավորը հավելեց. «Ես չեմ լսել նման բան: Նույն Ծառուկյան Գագոն երբևիցե չի ասել՝ իշխանափոխություն: Անունը ի՞նչ ա, չեմ իմանում՝ Արամ Մանուկյան ա, ինչ ա, նախագահի հասցեին ըտենց բաներ ա ասում, նշանակում ա, նա իրա տունն էլ ա էդ վիճակով կարգավորում, հայհոյանք ա անում միտինգի ժամանակ նախագահին: Դա երկրի ֆլագն ա, երկրի դրոշն ա, ուրեմն նրանք սրբություն չունեն, որ նախագահին…»:
Լրագրողները հիշեցրեցին, որ ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք էլ հենց Ազգային ժողովում են անթույլատրելի վարք դրսևորում ու անթույլատրելի բառապաշարով խոսում, հենց ինքն էլ է հայհոյում: «Պետք ըլնի, նորից եմ հայհոյում, բայց ես թաքուն չեմ անում էդ ամեն ինչը, բայց ոչ երկրի նախագահի հասցեին: Դա նշանակում ա՝ դու սրբություն չունես, ես անհատին եմ հայհոյում, իսկ երկրի դրոշին, հիմնին, նախագահին, դա ամբողջ աշխարհի համար ես համարում եմ դավաճան: Ընդդիմադիրներին մենք չենք հայհոյել երբեք, ընդամենը իրենց տեղն ենք դրել»,- պատասխանեց Ա. Մովսիսյանը: