30/09/2014 20:28
Հայ-հունական դաշինքը՝ ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանում է գտնվում Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը: Նախագահները երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության խնդրին և Հունաստանի համար ցավոտ կիպրական հիմնահարցին:
ՀՀ Նախագահը կարևորել է Հունաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու փաստն ու շեշտել հայ-հունական երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Տնտեսական փոխգործակցությանն է միտված այսօր Երևանում բացված հայ-հունական գործարար համաժողովը:
Հայ-հունական հարաբերությունների կարևորագույն հարցը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության և Պոնտոսի հույների ցեղասպանության փաստերը ժխտելու խնդիրն է, որի դեմ պայքարը կարող է դառնալ Աթենքի և Երևանի միջև հարաբերությունների անկյունաքարային հարցերից մեկը, հաշվի առնել հայ-թուրքական և հույն-թուրքական հարաբերություններում առկա բազմաթիվ հակասությունները:
Հայաստանը և Հունաստնանը պետք է միջազգային հարթակներում ուժեղացնեն իրենց ճնշումը Թուրքիայի վրա, որպեսզի երկու ժողովուրդների ցեղասպանության ճանաչման հարցը մնա միջազգային քաղաքական օրակարգում:
Թուրք-հունական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է զգալի սառնությունը, ինչը կապված է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հյուսիսային Կիպրոս այցելության հետ: Էրդողանը սեպտեմբերի սկզբին նախագահի պաշտոնում իր առաջին այցն է կատարել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Սեպտեմբերի 16-ին էլ նոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է այցելել Կիպրոսի հյուսիսային հատված:
Էրդողանը Հյուսիսային Կիպրոսում հանդիպել է այդ երկրի նախագահ Դերվիշ Էրօղլուի և պաշտոնական այլ անձանց հետ:
Թուրքիան 1974 թ.-ին «Атилла» գործողության ընթացքում օկուպացրել է Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը, Կիպրոսի հյուսիսում իրականացրել հույների էթնիկ զտումներ և այդ շրջանում տեղակայել է իր ռազմաբազաները:
Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան դատապարտվել է միջազգային տարբեր կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի կողմից, սակայն չնայած միջազգային բացասական վերաբերմունքին Անկարան Հյուսիսային Կիպրոսում ստեղծեց երկրորդ թուրքական պետությունը՝ 1983 թ.-ին ճանաչելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:
Այս պահի դրությամբ Հյուսիսային Կիպրոսում է գտվում Թուրքիայի ԶՈւ-րի 11-րդ բանակային կորպուսը, որի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 40.000-ի:
Թուրքիան Հյուսիսային Կիպրոսը օկուպացնելուց հետո այնտեղ էթնիկ զտումներ է իրականացրել: Թուրքական ներխուժման հետևանքով Հյուսիսային Կիպրոսը լքել է 200.000 հույն՝ թողնելով իրենց բնակավայրերը և գույքը: Կղզու հյուսիսային հատվածի ժողովրդագրական դեմքը փոխելու համար Անկարան սկսած 1974թ.-ից կղզում վերաբնակեցրել է 80.000-100.000 թուրք: Տարբեր գնահատականներով, Հյուսիսային Կիպրոսում 55 եկեղեցի վերածվել է մզկիթի, 50 տաճար և վանք պղծվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Հունաստանի նախագահը անդրադառնալով կիպրական հիմնախնդրին նշել է, որ այդ հարցը գտնվում է կրիտիկական փուլում և պետք է գտնել գործնական, ֆունկցիոնալ լուծում, որը վերջ կտա թուրքական բռնագրավմանը:
Կարոլոս Պապուլիասի խոսքով՝ թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները բնավ հուսադրիչ չեն:
Հայաստանի համար կարևոր է ունենալ դաշնակից՝ ի դեմս Հունաստանի, որը կարող է միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում պայքարել թուրքական ժխտողականության և հակահայկական քաղաքականության դեմ: Իր հերթին, Աթենքը կարող է ակնկալել Հայաստանից կիպրական հարցում և Պոնտոսի հույների ցեղասպանության հարցում հունական շահերից բխող և օբյեկտիվ փաստերի վրա հիմնված դիրքորոշում:
Այսպիսով, հայ-հունական տնտեսական հարաբերությունները պետք է հավասարվեն քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին, իսկ ընդհանուր արտաքին վտանգի՝ Թուրքիայի հակահայկական և հակահունական քաղաքականությանը միասնական դիմակայելու ռազմավարությունը պետք է առաջնային լինի Երևանի և Աթենքի համար մոտակա տարիներին: