30/09/2014 11:58
«Comedy Club»-ի հայ տղաները «գրավել» են ТНТ-ն. ադրբեջանցիները նեղսրտած են
Haqqin.az կայքը հոդված է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները խիստ նեղսրտած են ռուսական ТНТ երիտասարդական հեռուստաալիքում հայերի կողմից ցուցաբերվող ակտիվությունից: Ադրբեջանցիներին հատկապես նյարդայնացնում է այն, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Comedy Club» հումորային ակումբի հայ տղաները վայելում են ռուս հեռուստադիտողի ու հանդիսատեսի անվերապահ սերն ու համակրանքը: Ըստ կայքի, «Comedy Club-ի տղաները «գրավել» են ռուսական ТНТ-ն:
Ադրբեջանական Haqqin.az-ը գրել է. «ТНТ–ի գրեթե բոլոր հաղորդումներում ու ֆիլմերում ներկայացված է հայկական թեմատիկան: Այս հեռուստաընկերությամբ է հեռարձակվում հայերի կողից ստեղծված Comedy Club և Camedy Woman հումորային ծրագրերը, որոնց գրեթե բոլոր թողարկումներում հնչում է «Հայաստան», «հայ», «Երևան» բառերը և բոլորին փորձում են հայերեն սովորեցնել: «Comedy Club»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հանդիսանում է «Универ» երիտասարդական սերիալի պրոդյուսերը, իսկ գլխավոր դերում դարձյալ ազգությամբ հայ Արթուր Միքայելյանն է, ով հանդես է գալիս Մայքլի դերում: Նա ողջ սերիալի ընթացում հիշեցնում է իր հայկական ծագման մասին, նրա հայազգի ընկերներն ու բարեկամները շատ են դուր գալիս հեռուստադիտողին: Գեղեցկուհի Ալլան, Մայքլի ընկերուհին դառնալուց հետո, սկսում է հայերեն սովորել: Սերիալի ողջ ընթացում հնչում է հայոց լեզուն: Բայց սա ամենը չէ, մեկ այլ՝ «Реальные пацаны» սերիալում ևս ներգրավված են հայազգի դերասաններ»:
Արտերկրում սեփական ուժերով հաջողությունների հասած հայ տղաների նկատմամբ ադրբեջանցիների «խանդը», թերևս, բացատրվում է այն հանգամանքով, որ գոյություն չունի գոնե մեկ ադրբեջանցի, ով աշխարհի որևէ երկրում նմանօրինակ հաջողությունների է հասել: Նրանց նման արձագանքը, իրոք, լավագույն ցուցանիշն է այն բանի, որ Արթուր Ջանիբեկյանը, Գարիկ Մարտիրոսյանը ու մյուս տղաները ճիշտ ուղղությամբ են աշխատում և ադրբեջանցիներն առաջիկայում ևս նյարդայնանալու ու նեղսրտելու առիթների պակաս չեն ունենալու: