30/09/2014 13:28
Դավութօղլու. TANAP-ը կմիավորի Հարավային Կովկասը և Բալկանները
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Տրանսանատոլիական գազամուղը` TANAP-ը, տարածաշրջանային կարևոր էներգետիկ նախագծերից մեկն է:
Trend գործակալության փոխանցմամբ` Դավութօղլուն նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան էներգետիկ միջանցք են ստեղծում, որը կմիավորի Հարավային Կովկասը բալկանյան երկրների հետ:
Նրա խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացված կարևոր նախագծերից են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Բաքվում տեղի ունեցավ «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
«Հարավային գազային միջանցքը» անցնելու է այդ երկրների տարածով: 2013թ.-ի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել շահագործման հանձնել ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, որտեղից գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքներով պետք է արտահանվի եվրոպական շուկաներ:
Ադրբեջանական այդ հանքավայրից գազը Հարավկովկասյան գազամուղի ընդլայնման և TANAP ու TAP նոր գազամուղերի կառուցման շնորհիվ պետք է դիվերսիֆիկացնի ԵՄ-ի էներգետիկ հոսքերը և նվազեցնի ռուսական գազից Բրյուսելի կախվածությունը:
TAP-ի միջոցով հնարավոր կլինի արտահանել 10-20 միլիարդ խմ գազ, իսկ մինչև այդ գազամուղը, որը գտնվելու է թուրք-հունական սահմանին, կառուցվելու է TANAP գազամուղը: