30/09/2014 12:35
Եգիպտոսը Էրդողանին խորհուրդ է տվել «քիթը ուրիշի գործերի մեջ չմտցնել»
Եգիպտոսի ԱԳՆ-ն բավականին կոշտ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ եգիպտական իշխանությունների քննադատությանը և խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Թուրքիայում մարդկանց հիմնարար ազատությունների ոտնահարմանը:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ մարդիկ, ովքեր ուշադիր հետևել են վերջին 12 տարվա Թուրքիայի ներքին քաղաքականությանը, կարող են հանգել այն եզրակացությանը, որ Էրդողանի գործունեությունը, ով իրեն համարում է ժողովրդավարության ջատագով և «արաբական գարնան» պաշտպան, հեռու է ժողովրդավարական ոգուց:
Եգիպտոսի ԱԳՆ-ն նշել է, որ Էրդողանն այն իրավիճակում չէ, որ այլոց սովորեցնի ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն:
Հայտարարության մեջ նաև կոչ է արվում Էրդողանին «քիթը չմտցնել» Եգիպտոսի գործերի մեջ և առաջին հերթին ուշադրություն դարձնել սեփական երկրի բռնապետական կառավարմանը և շտկել սարսափելի վիճակում գտվող՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 69-րդ նստաշրջանի ընթացքում վիճել են Թուրքիայի և Եգիպտոսի պատվիրակությունները և չեղյալ համարել մինչ այդ նախատեսված բոլոր երկկողմ հանդիպումները:
Վեճի պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությունն էր՝ ուղղված Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին:
Էրդողանը նշել է, որ դեմ է Եգիպտոսի նախագահի ներկայությանը համաշխարհային առաջնորների կողքին:
Թուրքիայի նախագահը մեղադրել է համաշխարհային հանրությանը՝ Եգիպտոսում «ռազմական հեղաշրջում» իրականացնողներին աջակցելու մեջ:
Եգիպտոսի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բադր Աբդել Աթը Էրդողանի հայտարարությունները գնահատել է որպես կեղծիք: