30/09/2014 14:21
Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է
Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով առաջատար է տարածաշրջանում: Այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության՝ մամուլի ազատության մասին ամենամյա զեկույցում: Ըստ զեկույցի՝ ամենաազատ մամուլն ունի Ֆինլանդիան: Առաջատար տասնյակում են նաև Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Շվեդիան:
Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է և մամուլի ազատության ցուցանիշով առաջատար է տարածաշրջանում:
Վրաստանը 84-րդն է, Ադրբեջանը՝ 160-րդը: Թուրքիան և Իրանը, համապատասխանաբար, 154 և 173-րդն են: Սակայն եթե նշված երկրները բարելավել (Վրաստան՝ +16, Իրան՝ + 1) կամ գոնե չեն զիջել իրենց դիրքերը (Թուրքիա), ապա Ադրբեջանն ու Հայաստանը չորսական հորիզոնականով զիջել են իրենց դիրքերը՝ անցած տարվա ցուցանիշների համեմատ: Անցած տարի Հայաստանը կրկին առաջատար էր` զբաղեցնելով 74-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 156-րդն էր, Վրաստանը՝ 100-րդը, Թուրքիան՝ 154-րդը:
Զեկույցում Ադրբեջանի առնչությամբ հատուկ նշվում է, որ այդ երկիրը «բարեհաջող պատճենում է Ռուսաստանի ռեպրեսիվ միջոցները» մամուլի ոլորտում:
Նշենք, որ կազմակերպության ամենամյա զեկույցը կազմվում է հատուկ ստեղծված հարցաշարի միջոցով, որը պարունակում է 87 հարց: Վարկանիշային աղյուսակը ձևավորվում է ըստ վեց հիմնական չափորոշիչների՝ մամուլի բազմակիությունը, ԶԼՄ-ների անկախ լինելը, գրաքննությունը, ոլորտը կառավարող օրենսդրական դաշտը, թափանցիկությունը, ենթակառուցվածքները: Հաշվի են առնվում նաև լրագրողների մահվան և բանտարկության, նրանց վրա հարձակումների դեպքերն այս կամ այն երկրում: