30/09/2014 17:14
Հանրայինում բազմաթիվ փոփոխություններ կան, իսկ Դուք չեք նկատում. Ռ. Ջաղինյան
Այսօր «Հանրայի ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև Հանրային ռադիոյի ծրագրերում մի շարք բարեփոխոմներ են իրականացվել:
Ջաղինյանի ելույթից հետո ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Հանրային հեռուստահաղորդումները նախատեսված միայն իշխանության ներկայացուցիչների համար, իսկ ընդդիմադիր գործիչներին այդ հաղորդումներին չեն հրավիրում:
Բացի այդ` հաղորդումների մեծ մասում հնչում է ռուսերեն:
Ի պատասխան Ռ. Ջաղինյանն արձագանքեց և վստահեցրեց, որ Հանրային հեռուստատեսությունը իր քաղաքականությունը չի փոփոխել: «Էսթետիկական առումով դրանք մնացել են նույնը և չկա որևէ սահմանափակում»,-ասաց նա:
Խ. Քոքոբելյանը կրկին հակադարձեց. «Կրկնում եմ` Հանրային հեռուստատեսությունը իր գործառույթը չի կատարում: Բացի այս` չեն լուսաբանվում քաղաքական գործընթացները: Դուք այդ խնդիրը լուծել ե՞ք»,- հարցը կրկնեց Քոքոբելյանը, իսկ Ռ. Ջաղինյանն ընդգծեց, որ Հանրային հեռուստատեսությունը ունի մի շարք ծրագրեր, որոնք պետք է դեռ իրականացվեն, բայց այս ընթացքում իրականացվել են մի շարք բարեփոխումներ:
«Հանրային հեռուստատեսությունը շարունակում է իրականացնել իր գործառույթը: Ինչ վերաբերում է ձեր հրավերին, ապա մենք կարող ենք նաև ձեզ հրավիրել, այնպես չէ, որ մենք չենք հրավիրում: Էսթետիկական մոտեցումները տարբեր են, բայց հավանաբար դուք չեք նկատել այս ընթացքում կատարված փոփոխությունները, որոնք այսօր էլ շարունակվում են: Ես կցանկանամ, որ դուք ուշադիր հետևեք Հանրային հեռուստատեսության աշխատանքին: Եթե դուք չեք նկատել, ապա տեխնիկական շատ փոփոխություններ են տեղի ունեցել, եթե դուք չեք նկատել ծրագրերի պատրաստման ոճը, ժամկետները, սերիալների մոտեցումները... այդ բոլոր փոփոխվել են: Շատ կցանկանամ նաև, որ հատուկ օր նշանակեն բոլորիդ համար և գաք և ինքներդ համոզվեք: Ինչ վերաբերում է ռուսերենին, մեզ մոտ մի ծրագիր կա, որը վարում է Ցվետանա Պասկալևան: Սա ամենամեծ ու եզակի հեռուտսահաղորդումն է, որն ընդունվել է քննարկումների արդյունքում: Մենք փորձում ենք հեռուստատեսությանը էներգետիկա հաղորդել»,-ասաց Ռ. Ջաղինյանը: