30/09/2014 16:35
«Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են»
«Հայ և հույն ժողվուրդների միջև հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ ու եղբայարական և այսօր էլ շարունակում են մնալ այդպիսին»,- այսօր հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ ասաց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը, հավելելով, որ երկու ժողովուրդներին կապող հարաբերությունները առավել ևս ամրապնդում են երկու երկրներում հայկական և հունական գաղութները:
Հունաստանի նախագահը թվեց հայաշատ հունական գաղութները, հավելելով, որ այդ գաղութները Հունաստանի տնտեսական կյանքում կարևոր դերակատարում ունեն ինչպես ընկերային, այնպես էլ գործարար մակարդակում` լինելով երկկողմ հարաբերությունների ամուր հիմք:
«Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են»,- ասաց Հունաստանի նախագահը՝ նշելով, որ իր այցելությունը Հայաստան ցույց է տալիս մտադրությունը` այդ հարաբերություններն ավելի զարգացնել ու ամրապնդել:
Կարոլոս Պապուլիասը բարձր գնահատեց մի շարք ոլորտներում՝ տնտեսություն, մշակույթ, կրթություն, գիտություն, պաշտպանություն, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը: «Այսօրվա համաժողովը ևս մեկ քայլ է զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- վստահեցրեց Կ. Պապուլիասը:
Հունաստանի նախագահը խոսելով Հայաստանի և Հունաստանի միջև առկա տնտեսական հարաբերությունների շուրջ, շեշտեց, որ այն զիջում է քաղաքական հարաբերություններին և Երևանում ընթացող հայ և հույն գործարարների համաժողովը ևս մեկ հնարավորություն է ամրապնդելու և զարգացնելու տնտեսական հարաբերությունները: