30/09/2014 18:55
Դավիթ Խաչատրյանի փաստաբան. Դատարանը շտապում էր րոպե առաջ ավարտել գործը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի` զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավճիռը:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանը սպանվել է 2013թ.-ի մայիսի 15-ին՝ Նոյեմբերյանի N զորամասում՝ ծառայակցի արձակած գնդակից: Միջադեպի ժամանակ ծանր հրազենային վնասվածք է ստացել նաև Հրաչյա Սարգսյանը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Դ. Խաչատրյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտել ազատազրկման 17 տարի ժամկետով:
Դ. Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անպայման բողոքարկելու է դատարանի որոշումը՝ շատ քիչ հույսեր ունենալով հանդերձ:
«Դատարանի այսօրվա վարքագիծը տեսնելով՝ պաշտպանական կողմին հնարավարություն չտալով հարցաքննել տուժողին, թեև նոր հանգամանքներ էին ի հայտ եկել, ես համոզվել էի, որ այդ որոշումը կայացվելու էր: Դրանից հետո ներկայացրեցի ինքնաբացարկի միջնորդություն` նշելով, որ դատարանի կողմից խախատվել է Եվրակոնվենցիայի 6-րդ հոդվածը, դատարանը, կարծես, անտեսելով դա, իր ինքնաբացարկը մերժելու որոշման մեջ գրեց, որ դատարանը բոլոր հնարավորությունները ընձեռել է պաշտպանության համար: Այսինքն՝ գրում են գրելու համար, որ խախտումը չեն արձանագրել:
Այդ ամենից պարզ էր, որ դատարանը շտապում է րոպե առաջ ավարտել դատավարությունը, դրա համար էլ նման որոշումը անսպասելի չէր: Շատ քիչ հույս ունենալով, որ որևէ բան կփոխվի, մենք դիմելու ենք Վճռաբեկ դատարան, դրանով իսկ հիմքեր ապահովելով ՄԻԵԴ դիմելու համար: Կալանքի վերաբերյալ մենք արդեն ՄԻԵԴ բողոք ներկայացրել ենք»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Հրաչյա Սարգսյան. Չեմ հիշում՝ ինչ պետք է արած լինեինք, որ Դավոն կրակեր
Լ. Ստեփանյանի գործով վիրավորված զինվորի հայր. Հրաչյան որոշ բաներ է հիշել