30/09/2014 18:42
Փաշինյան. Սուրիկ Խաչատրյանի դիմավորումը «հյուսիսկորեական ոճով» էր բեմադրված
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշիանյանն այսօր հայտարարությունների ժամին խոսեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին:
«Սյունիքի մարզի ժողովուրդը գերեվարված է Սուրիկ Խաչատրյանի և նրա բանդայի կողմից, մինչդեռ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակեցին, իսկ նա աշխատանքից ազատվել էր նախորդ տարի իր տան մոտ տեղի ունեցած դեպքերի պատճառով, երբ սպանվել էր Ավետիք Բուդաղյանը»,- հիշեց պատգամավորը` նշելով, որ այդ հետևանքով Սուրիկ Խաչատրյանը քրեական պատժի չենթարկվեց, որովհետև նախաքննության մարմինը՝ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նրա կողմից էր:
«Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պարտակեց սպանությունը` ասելով, թե Սուրիկ Խաչատրյանը այդ դեպքերի ժամանակ տանը քնած է եղել, բայց երբ գործի քննությունն ավարտվեց, ու հանրությանը հասանելի դարձան գործի մանրամասները, պարզվեց, որ Գևորգ Կոստանյանը հանցագործություն է կատարել»,- նշեց նա:
Պատգամավորի համոզմամբ` Սուրիկ Խաչատրյանը ոչ թե տանը քնած է եղել, այլ իր առաձնատան պատուհանից ձայն է տվել Ավետիք Բուդաղյանին, իսկ երբ Բուդաղյանը շրջվել է, Սուրիկ Խաչատրյանը նրան սպանել է: Փաշինյանը նշեց, որ նորանշանակ մարզպետի՝ «հյուսիսկորեական ոճով» Սյունիքում բեմադրված դիմավորման արարողությունն աղճատում է ազատատենչ սյունեցիների կերպարը, հայ ժողովրդին ցույց է տալիս անպատիվ լույսի ներքո:
«Մենք գիտենք, որ Սյունիքի ժողովուրդը հպարտ է ու արժանապատիվ, բայց հանցավոր խմբավորման ձեռքին պատանդ է: Բայց դա չի փոխելու մեր սերն ու ակնածանքը Սունիքի հպարտ ժողովրդի նկատմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց նաև, որ այս հայտարարությամբ ցանկանում է գոտեպնդման խոսքեր ասել Սյունիքի հպարտ, բայց գերեվարված ժողովրդին: «Միասին Հայաստանն ազատելու ենք Լիսկայի լծից»,- հայտարարեց նա: