30/09/2014 15:05
Հունաստանի նախագահը գոհ է հայ-հունական հարաբերությունների մակարդակից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միակարծիք ենք, որ Հայաստանի և Հունաստանի պետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել համագործակցության բարձր մակարդակով: Եվ մեծ գոհունակությամբ հաստատեցինք, որ երկկողմ համագործակցությունը կարող է ընդլայնվել: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Հունաստանի Նախագահը գոհունակությամբ նշեց, որ հայկական մի շարք բուհերում դասավանդվում է հուներենը, իսկ որոշ հայ ուսանողներ կրթաթոշակների շնորհիվ ուսանում են հունական բուհերում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ նախագահ Պապուլիասը նշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն ներկայացրել է դրա մանրամասները.
«Ես էլ պարոն Սարգսյանին տեղեկացրեցի կիպրական հարցի առնչությամբ վերջին զարգացումները: Նշեցի, որ այդ հարցը գտնվում է կրիտիկական փուլում, որի նպատակն է գտնել գոյատևելի և գործնական, ֆունկցիոնալ լուծում, որը վերջ կտա թուրքական բռնագրավմանը: Սակայն պետք է շեշտեմ, որ թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները բնավ հուսադրիչ չեն»,- ընդգծեց Հունաստանի Նախագահը:
Անդրադառնալով հայ գործընկերոջ հետ հանդիպմանը` Կարոլոս Պապուլիասը տեղեկացրեց, որ ՀՀ Նախագահի հետ անդրադարձել են նաև ուկրաինական իրադարձություններին և հույս հայտնել, որ հրադադարը առիթ կդառնա, որպեսզի սկիզբ դրվի քաղաքական գործընթացին և լուծում որոնվի Ուկրաինայի հարցում: Բացի այս.
«Խորը մտահոգություններով հետևում ենք իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Սիրիայում և Իրաքում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում: Ես մեր լուրջ մտահոգությունը հայտնեցի Մերձավոր Արևելքի տարածքում ապրող քրիստոնեական բնակչության անվտանգության կապակցությամբ, որոնք ցավոք, շատ արագ կրոնական ծայրահեղության թիրախ կդառնան»,- նշեց Նախագահը:
Ավարտելով խոսքը` Հունաստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին՝ ջերմ ընդունելության համար:
Նախորդող հրապարակում՝ Նախագահ. Պարտավոր ենք ընդլայնել հայ-հունական տնտեսական հարաբերությունները