30/09/2014 11:23
Սիրիան կոչ է արել ԱՄՆ-ին ընդլայնել ահաբեկիչների դեմ ուղղված հարվածները
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը կոչ է արել ԱՄՆ-ին սիրիական տարածքում օդային հարվածներ հասցնել ոչ միայն «Իսլամական պետությանը», այլև մյուս ահաբեկչական խմբավորումները, որոնք ունեն նույն ծայրահեղական գաղափարախոսությունը:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Մուալեմը մեղադրել է ԱՄՆ-ին երկակի չափանիշներ կիրառելու մեջ, քանի որ նրանք հարվածում են ահաբեկիչներին, իսկ մյուս կողմից աջակցություն են ցուցաբերում մեկ այլ խմբավորմանը:
Սիրիայի ԱԳ նախարարը հավելել է, որ իրենք նույնպես՝ միջազգային կոալիցիայի պես պայքարում են «Իսլամական պետության» դեմ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և արաբական դաշնակիցները հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում «Ւսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող նավթավերամշակման գործարաններին: Հարձակումների նպատակն է իսլամականների ֆինանսական հոսքերի նվազեցումը և մոբիլիզացիայի խաթարումը: «Իսլամական պետությունը» օրական նավթի վաճառքից վաստակում է 2 միլիոն դոլար:
Սիրիայում իսլամականների դեմ պայքարին զուգահետ ԱՄՆ-ը զինում է Ասադի դեմ պայքարողներին և չի հեռանում նրան տապալելու մտքից: Արևմուտքը չի ցանկանում, որպեսզի Սիրիայում իսլամականների հնարավոր ջախջախման դեպքում այդ հաղթանակից օգուտ քաղի և իր դիրքերը ամրապնդի Իրանի դաշնակից Բաշար Ասադը:
Պատահական չէ, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 40 միլիոն դոլար է հատկացնելու Սիրիայի չափավոր ընդդիմությանը: Դրան զուգահեռ Սաուդյան Արաբիան սիրիական զինված ընդդիմության 5.000 մարտիկ է պատրաստելու, որոնք պայքարելու են «Իսլամական պետության» և չի բացառվում նաև Ասադի դեմ: