01/10/2014 16:24
Հայագետ. Նախիջևանում խաչքարերի ոչնչացումը հաշվապահի պես ուղղակի փաստեցինք
1998-2006 թվականներին Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացմանն այդպես էլ պատշաճ պատասխան չտրվեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանն` ընդգծելով, որ ժամանակին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հարցը բարձրացվեց այդ օրերի արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից, սակայն այդպես էլ հետևողական չեղանք:
«Մենք ուղղակի հաշվապահի պես փաստում ենք, որ ավերեցին ու վերջ, իսկ նրանք շարունակում են իրենց գործն անել: Պետք էր տարածել հայտարարություններ: Մենք ու Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններ ենք ու պիտի պահանջեինք, որ այսքանից հետո Ադրբեջանին հեռացնեն կազմակերպությունից»,- ասաց Արգամ Այվազյանը:
Անդրադառնալով առհասարակ Հայաստանի տարածքից դուրս գտնվող մեր եկեղեցիներին ու հուշարձաններին` հայագետը նշեց, որ դրանց առնվազն կեսը դատապարտված է կործանման:
«Նախիջևանի դեպքերից հետո որևէ դատապարտում չեղավ, այնպես որ նման օրինակները շարունակվելու են: Ես բազմիցս նշել եմ, որ կառավարության աջակցությամբ պետք է ստեղծել մի կառույց, որը կզբբաղվի Հայաստանից դուրս գտնվողմեր հուշարձանների համակարգմամբ ու պահպանմանբ, բայց` ապարդյուն»,- ասաց հայագետը: