01/10/2014 15:46
ԱՆ. Որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և խնդիրներ
Հ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և խնդիրներ։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Նախարարը հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին հանձնարարել է գործունեությունը ծավալել բացառապես օրենսդրության շրջանակներում և ապահովել գործող նորմերի կատարումը։ Քննարկման ընթացքում կարևորվել են բժշկական օգնությանը, անվտանգությանը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանմանը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը: Արմեն Մուրադյանը տնօրենների ուշադրությունը հրավիրել է հիվանդների իրավունքների պաշտպանության խնդրի վրա և հորդորել պաշտոնական այցերի կամ տարբեր ստուգումների ժամանակ տրամադրել միայն այն տվյալները, որոնք օրենքով սահմանափակված չեն։
Նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին հանձնարարվել է խստացնել հոգեբուժարանների հանդեպ հսկողությունը։ Շարունակել իրականացվող մշտադիտարկումները, ապահովել բժշկական օգնության և սպասարկման որակի, կարգուկանոնի ապահովմանն ուղղված աշխատանքները։ Կարևորվել է նաև մատակարարող կազմակերպություններից միայն որակյալ և պիտանիության համապատասխան ժամկետներ ունեցող սննդամթերքի ընդունումը։
Նշվել է, որ հոգեբուժարաններում առկա որոշ հիմնախնդիրների լուծման համար պահանջվում են խոշոր ներդրումներ, ինչի շուրջ բանակցություններ են վարվում Համաշխարհային բանկի հետ։