01/10/2014 20:36
Պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ` Ալավերդու և Պռոշյանի ջոկատներից
Այսօր Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել մի խումբ ազատամարտիկների պարգևատրման արարողություն: Մեդալներ են ստացել, հիմնականում, Ալավերդու և Պռոշյանի ջոկատի անդամները.
«Պարգևատրումն Անկախության օրվա առիթով էր` ՊՆ-ի կողմից: Շատ շնորհակալ ենք»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, Ալավերդու ջոկատի հիմնադիր անդամներից Ռաֆիկ Ղազինյանն, ով այսօր պարգևատրվել է «Ծովակալ Իսակով» մեդալով.
«Եթե անկեղծ, ավելի շատ ուրախ եմ իմ պարգևատրված ընկերների համար: Օրինակ` մեր ջոկատից Միշա Գասպարյանը, հայտնի Շամլուղեցի Միշան էլ է պարգևատրվել, չնայած այն բանին, որ Ռուսաստանում է: Ցավալի է, որ այսօր մեզ հետ չէր ու ցավալի է, որ մեր շատ մարտական ընկերներ այսօր սոցիալական վիճակի պատճառով ստիպված են լինում հեռանալ երկրից»,- ասաց Ռաֆիկ Ղազինյանը:
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ Ալավերդու ջոկատից այսօր պարգևատրվել է 9 ազատամարտիկ: Պարգևատրվածներից ևս 3-ը` Պռոշյանի ջոկատից են.
«Մեր և Պռոշյանի ջոկատը գրեթե ամեն տեղ միասին էր»,- ասաց Ռաֆիկ Ղազինյանը նշելով, որ ջոկատները մարտական գործողությունների են մասնակցել նախ Հայաստանի հյուսիսային սահմաններում` Նոյեմբերյանի ուղղությամբ, ապա Արցախում` հիմնականում Շահումյանում.
«Այս տարի մեր Ալավերդու ջոկատի ստեղծման 25 տարին է լրանում, այդ օրերին հիմնադրված առաջին ջոկատներից էր: Հիշում եմ` 1989թ.-ի սեպտեմբերի 6-ին առաջին անգամ գնացինք Արցախ, Մարտակերտ»,- պատմեց ազատամարտիկը` նշելով, որ ջոկատի տղաներով պատրաստվում են անպայման տոնել կազմավորման հոբելյանը: