01/10/2014 20:43
«Բանդայի գործ». Պաշտպանները հակասություն գտան փորձագետների խոսքում
Այսօր «Բանդայի գործով» Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց մատնադրոշմային փորձագետ Արտակ Մինասյանը:
«Բանդայի գործով» ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանն ասաց, որ քննիչը խախտել է քննչական գործողությունների կարգը և մատնահետքեր չի վերցրել առգրավված զենքերից, դրանք առանց զննության ենթարկելու` ուղարկելով փորձաքննության:
«Զննությունը կարևոր քննչական, դատավարական գործողություն է, որը պետք է կատարվի ընթերակաների ներկայությամբ: Չգիտես ինչու` քննիչը ասում է, որ այս պայմաններում ինքը չի կարող մատնահետքերի կատարման վերաբերյալ գործողություններ կատարել, զենքերը փաթեթավորում, կնքում ու ուղարկում է իր աշխատասենյակ, որտեղ էլ նորից զննություն չի կատարում և ուղարկում է համապատասխան փորձագետին: Հաշվի առնելով սա` փորձագետը իրավասու չէ ասելու, թե այդ մատնահետքերը ում են պատկանում»,- ասաց Հ. Արսենյանը։
Փորձագետն ասաց, որ իր վերադասի հանձնարարությունն է կատարել, և իրավունք չուներ փորձաքննություն չիրականացնել, իսկ մեղադրողը նշեց, որ փաստաբանի նշած հերթականությունը քննչական գործողություների համար պարտադիր չէ։
Այն բանից հետո, երբ փորձագետը չկարողացավ պատասխանել փաստաբանների հարցին` արդյոք զենքերի վրա իր հայտնաբերած մատնահետքերը պատկանում են ամբաստանյալներին, պաշտպանները հայտարարեցին, որ կասկածի տակ են դնում փորձաքննության արդյունքները և կրկնակի փորձաքննություն են պահանջում:
Պաշտպանները հակասություն տեսան նաև մատնադրոշմային և քիմիական փորձաքննությունների եզրակացությունների միջև, քանի որ հարցաքննության ժամանակ մատնադրոշմային փորձագետը նշել էր, որ փորձաքննության ենթակա իրեղեն ապացույցները փաթեթավորված են ստացել, իսկ քիմիական փորձագետը եզրակացության մեջ նշել էր, որ դրանք առանց փաթեթավորման է ստացել։
Հ. Արսենյանը միջնորդեց, որ հարցաքննվեն վկաներ Լիլյա Սահակյանն ու Արմեն Մկրտչյանը, դատարանը բավարարեց միջնորդությունը:
Նշենք, որ Արտուշ Հակոբյանը դատարանին հայտնել էր, որ 2011թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը եղել է իր ընկերոջ՝ Արմեն Մկրտչյանի հետ, և ալեհավաքների տվյալներով էլ դա հիմնավորվել է, այնինչ մեղադրական եզրակացության համաձայն` նա այդ օրը կազմակերպել է ավազակային հարձակում:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին:
Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը և Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու մեջ: