01/10/2014 18:40
Բիշարյանը` Կառավարությանը. Ինչու՞ չաջակցեցիք, որ արտահերթ նիստերը կայանային
«Բակում հավաքված մեր հայրենակիցներին ուզում եմ ասել, որ Շրջանառության հարկի վերաբերյալ Կառավարությունում տեղի ունեցող քննարկումներին այսօր մասնակցել են խորհրդարանի բոլոր խմբակցություններն ու վաղն էլ այդ քննարկումները շարունակվելու են»: Այսպես այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ իր ելույթը սկսեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկվար Հեղինե Բիշարյանն, այնուհետև` անդրադարձավ իրեն հուզող հարցին, որը վերաբերում է վարչական իրավախախտումների հետ կապված ԴԱՀԿ գործողություններին:
«Մենք երկուշաբթի օրը 5 խորհրդարանական ուժերով հրավիրել էինք արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվեր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքը և առավել ևս շրջանառության մեջ կար հստակ նախագիծ, որը կարելի էր քննարկել: Վերջին շրջանում մենք հնարավորություն ենք տվել ԴԱՀԿ-ին` առանց դատարանի որոշումներ կայացնել ու կալանքներ դնել: Կան վարչական տուգանքներ` 200 հազար, 500 հազար դրամ և, այս դեպքում եթե քաղաքացու հաշվեհամարներին կալանք դրվի, ապա` օրինակ վարորդը չի կարողանա մի քանի ամիս աշխատավարձ ստանալ ու արդեն խնդիր է առաջանում ոչ միայն տուգանքը վճարելու, այլ` ընտանիքը պահելու հետ կապված: Կան մասնավոր դեպքեր, երբ օրինակ վարորդը մի հասցեով է գրանցված, բայց, փաստացի, բնակվում է մեկ այլ հասցեով և տուգանքի մասին ծանուցումը նա չի ստանում: Այսինքն, ես հիմա պատշաճ իրազեկման հարցն եմ առաջ քաշում: Առանց այն էլ սոցիալական այսպիսի բեռի տակ գտնվող ժողովրդին մենք պիտի աջակցենք: Այս դեպքում հարցնում եմ Կառավարությանը` ինչու՞ չաջակցեցիք, որպեսզի արտահերթ նիստում քննարկվեր նախագիծը և դուք էլ ձեր առաջարկություններն անեիք: Քաղաքական մեծամասնության կամքն էր պետք այստեղ, ինչպես նաև երեկ հրավիրված արտահերթ նիստում Շրջանառության հարկի մասին քննարկմանը: Հարցնում եմ` այս դեպքում ի՞նչ նախաձեռնություններ ունեք դուք ու ինչպե՞ս եք պատրաստվում արագ լուծել այս հարցը և օգնել մեր վարորդ քաղաքացիներին»,- հարցրեց Հեղինե Բիշարյանը:
Ի պատասխան ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ հարցն իսկապես հանրային մեծ հնչեղություն ունի և Կառավարության ուշադրության կենտրոնում է.
«Կառավարությունն իր վերջին նիստում հավանության արժանացրեց մի օրենսդրական փաթեթ, որն ուղղված է անձանց պաշտպանվածությունը էականորեն բարելավելուն: Նախագծի մասին ծանուցված են նաև ԱԺ խմբակցությունները, նրանք մասնակցել են քննարկումներին և ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը որոշակի վերապահումներով հավանության է արժանացրել այն: Կառավարությունն ուսումնասիրում է հարցն արդեն 3 ամիս, քանի որ հուլիսից սկսած լուրջ խնդիրներ առաջացան: Այն ժամանակ խնդիրներին լուծում տալու համար մենք նույնիսկ օպերատիվ արձագանքման Խումբ ստեղծեցինք: 2-3 ամսվա ընթացքում մենք Կենտրոնական բանկի հետ կարողացանք վերացնել բանկերում քաղաքացու ամբողջական հաշվի վրա արգելանք դնելու հետ կապված խնդիր: Բացի այդ, վստահ եմ` տեղյակ եք, այսօր Սահմանադրական դատարանում է ՄԻՊ-ի դիմումով համապատասխան գործը, որը կարծում եմ ՍԴ-ն քննության, հավանաբար, առաջիկա 1-1,5 ամսվա մեջ: Կարծում եմ, այստեղ ԱԺ-ն պիտի սպասեր, քանի որ կա սահմանադրականության հետ կապված խնդիր, սակայն հաշվի առնելով այն, որ խնդիրը վերաբերում է մեծ թվով քաղաքացիների` Կառավարությունը որոշեց նախագիծը հրատապ ներկայացնել ԱԺ»,- ասաց Հովհաննես Մանուկյանը` նորից ընդգծելով, որ Կառավարությունը չի սպասելու այս հարցով Սահմանադրական դատարանի որոշմանը և փորձելու է հնարավորինս արագ հարցին լուծում տալ: