01/10/2014 17:12
Գագիկ Բեգլարյանը` Վերին Լարսի մասին. Այնտեղ վիճակը շատ բարդ է
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն անդրադարձավ Վերին Լարսի ճանապարհահատվածին` նշելով, որ այն կարևոր նշանակություն ունի թե' տնտեսվարողների, թե' քաղաքացիներ համար.
«Վերին Լարսը մեր պետությունը այլ պետություններին կապող հիմնական ուղին է, որով արտահանվում է մեծ ծավալով գյուղմթերք, խմիչք, սննդամթերք և այլ: Այն պարբերաբար փակվելով լուրջ խնդիրների առաջ է կանգնացնում մեր տնտեսությանը և, եթե այս ճանապարհահատվածը երկար ժամանակով չգործի, ապա ոչ միայն մեր գյուղատնտեսությունն, այլև արտահանող և ներմուծող կազմակերպությունները մեծ կորուստներ կունենան: Հարցերս Կառավարությանը հետևյալն են` ի՞նչ վիճակում է հիմա Վերին Լարսը և հնարավոր չէ՞ ստեղծել հանձնաժողով, որը կփորձի լուծել այս ճանապարհահատվածում պարբերաբար առաջացող խնդիները»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ Վերին Լարսում ստեղծված իրավիճակն իսկապես մտահոգիչ է, թե' Հայաստանի, թե' Վրաստանի համար:
Միևնույն ժամանակ Բեգլարյանի կարծիքով` Վերին Լարսի հարցերով հանձնաժով ստեղծել պետք չէ, քանի որ այդ ճանապարհահատվածում ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են տարվում նաև Վրաստանի կողմից:
«Անձրևների շրջան է և ամեն հորդառատ անձրևից հետո Լարսը կարող է փակվել: Բայց շնորհակալություն մեր հարևաններին, ովքեր այնպես են աշխատում, որ և ճանապարհն անցանելի պահեն և մարդկային զոհեր չունենան»,- ասաց Գագիկ Բեգլարյանն` ավելացնելով, որ ինքն էլ եղել է տեղում ու տեսել, որ ընդհանրապես Լարսի վիճակը շատ բարդ է ու չի կարող արագ վերականգնվել.
«Պատկերացրեք` 300-400 մլն տոննայով բեկորներ են վերևից վայր իջնում ու փակում են ճանապարհը: Վրաստանի մեր ընկերներն ամեն ինչ անում են, որպեսզի ճանապարհը կարողանան բացել: Խնդրի լուծման հետ կապված մենք էլ մեր պատրաստակամությունն ենք հայտնել ամեն ինչով օգնելու, բայց ամբողջ աշխարհում բնական աղետների դեմ պայքարը շատ դժվար է»,- ասաց Գագիկ Բեգլարյանը: