01/10/2014 15:13
«Միջազգային կառույցներում Ադրբեջանը մեր դեմ քաղաքական դիվերսիա է անում»
Միջազգային կառույցներում մենք չենք կարողանում ձևակերպել այնպիսի կարծիքներ, որոնք հետագայում կաշխատեն մեր օգտին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն` անդրադառնալով ԵԽԽՎ-ում վերջերս ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով զեկույցին:
«Եթե նայենք Ադրբեջանի ակտիվությանը միջազգային ծրագրերում, ապա կտեսնենք, որ նրանք դրական արդյունքով են ավարտում այն: Այս զեկույցի ընդունումը նշանակում է, որ պատվիրակություն է գալու Ղարաբաղ, տարածքները նորից ուսումնասիրվելու են, ինչի հետևանքով` օգոստոսի սկզբին Ադրբեջանի դիվերսանտների պատմությունն այնպես են ներկայացնելու, թե այդ անձինք գնացել էին իրենց երկրի տարածքներում զբոսնելու, հայ ազգայնամոլներն էլ հարձակվել են նրանց վրա ու իրենք ստիպված են եղել պաշտպանվել, նրանք էլ պաշտպանվել»,-ասաց Լարիսա Ալավերդյանն` ընդգծելով, որ Հայաստանը ԵԽԽՎ-ում ոչ թե պետք է սպասի, որ Ադրբեջանը նախաձեռնի ինչ-որ բան, այլ` ինքը լինի նախաձեռնող:
«Սա քաղաքական դիվերսիա է, որով ադրբեջանական կողմը ցանկանում է ցույց տալ` Ադրբեջանի քաղաքացին լիովին իրավունք ունի այդ տարածքներում հայտնվելու»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը: