01/10/2014 10:22
Սարալանջում հնչած կրակոցների առթիվ հարուցվել է քրգործ
Հարուցվել է քրեական գործ` Երևանի Սարալանջ փողոցում Լ.Հարությունյանին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի Facebook-յան էջից:
Երևանի բնակիչ Լևոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով:
2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 14.35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ` 1993թ. ծնված Լևոն Արամի Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Սարալանջ փողոցում:
Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) Լ. Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ 2014թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոցներ է արձակել Լ. Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ` նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի` իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն հասցնել ավարտին:
Երևան քաղաքի Սարալանջ փողոցում` դեպքի վայրում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ և 1 գնդակ:
Զննության է ենթարկվել Լ. Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածքներ և մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Լ. Հարությունյանի հայրը` Ա. Հարությունյանը ներկայացրել է մեկ հատ գնդակ և հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախորդող հրապարակում` Կրակոցներ՝ Երևանում. Մեկ մարդ վիրավոր է