01/10/2014 14:01
Գ. Սուրենյան. Անցած տարվա համեմատ` այս հոկտեմբերին ավելի ցուրտ կլինի
Հոկտեմբերի 5-ից հետո հանրապետությունում կդիտվի անկայուն եղանակ և ամսվա երկրորդ տասնօրյակից օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանն` անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին:
Ընդհանուր առմամբ, մասնագետի խոսքո,` հոկտեմբերին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում:
«Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր՝ մի փոքր դրական շեղումով, տեղումների քանակը նույնպես նորմալ էր: Ինչ վերաբերում է հոկտեմբերին, ապա այն` մայիսից հետո, համարվում է ամենախոնավ ամիսը»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով` առաջիկա օրերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կլինի մառախուղ և մանրամաղ անձրևներ:
«Երևանում առաջիկա մի քանի օրն էական տեղումներ չեն լինի: Կդիտվի 22-24 աստիճան տաքություն»,- ասաց ԱԻՆ մասնագետը:
Ամփոփելով նա նշեց, որ անցած տարվա հոկտեմբերի համեմատ, այս տարվա հեկտեմբերին ավելի ցուրտ է լինելու: