02/10/2014 17:15
Հոկտեմբերի 8-ին Երևանում կկայանա Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը
Հոկտեմբերի 8-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը:
Համերգը կազմակերպվել է «Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Այս տարի «Հեռանկարները» սկիզբ է առել մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին նվիրված հինգ համերգներով, այնուհետև ներկայացվել է Ելենա Բաշկիրովայի մենահամերգը, իսկ մայիսի 13-ին տեղի է ունեցել Բեռլինի պետական նվագախմբի (Staatskapelle Berlin) հիշարժան համերգը` Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:
Իր հոբելյանական 15-րդ տարում, «Երևանյան Հեռանկարները» ընդգրկվեց Բրյուսելում կայացած կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հարցերով Եվրակոմիսար Անդրուլա Վասիլիուի հետ կայացած կլոր սեղանի մասնակիցների շարքում, և համարվել է Եվրոպայի առաջատար մեկ տասնյակ փառատոներից մեկը:
Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի գործընկերն Է Երևանի կոնյակի գործարանը իր ԱՐԱՐԱՏ կոնյակներով:
Մոսկվայում ծնված ականավոր ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովին հիրավի համարում են մեր իրականության ամենակրթված և բազմակողմանի, ամենագունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից մեկը, ում անսահման նվիրվածությունը երաժշտությանը և բարոյական սկզբունքներին դարձրել է նրան մի ուշագրավ բացառություն այսօրվա երաժշտական ասպարեզում:
Ա. Լյուբիմովի երկացանկը ահռելի է և ընդգրկում է մի քանի դարաշրջան, որտեղ հավասար տեղ է հատկացված կլավիրային երաժշտությանը` Շամբոնյերից մինչև Բախ և Մոցարտ, բարոկկո և ժամանակակից կոմպոզիտորների երաժշտությանը Շնիտկեից մինչև Պյարտ և Սիլվեստրով, Կնայֆել, Ռայխ, Նոնո, Լիգետի, Այվզ, Շյոնբերգ, Վեբեռն, Շտոկհաուզեն, Բուլեզ, Այվզ, Լիգետի, Գուբայդուլինա և Քեյջ:
1968թ. ավարտելով Մոսկվայի կոնսերվատորիան Հ. Նեյհաուզի և Լ. Նաումովի մոտ, Ա. Լյուբիմովը դարձել է մի քանի հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, և արժանացել միջազգային լայն ճանաչման: Նա համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում։ Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցել է դիրիժորներ՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնևի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի և Տորտելիեի հետ։ Պատմական ելույթներ է ունեցել «Լուսավորության դարի նվագախմբի», «Վիեննայի ակադեմիայի» և «Գենտի Կոլեգիա վոկալե» խմբերի հետ։
Կամերային երաժշտության ասպարեզում պարբերական ելույթներ է ունենում փառատոներում հայտնի մենակատարների և համույթների հետ` ողջ աշխարհում։ Վերջին համերգաշրջանում նա համերգներ է ունեցել Բիրմինգհեմի սիմֆոնիկ նվագախմբի, Մոսկվայի Ռուսաստանի ազգային նվագախմբի և Թոնքյունսթլերօրքեսթերի (երկու համերգ Վիեննայի Մյուզիքվերայնի մեծ դահլիճում), ինչպես նաև բազմաթիվ մենահամերգներ։ Շրջագայել է «Հայդն» սիմֆոնիետայի, Իտալական Շվեյցարիայի նվագախմբի, Կամերատա Զալցբուրգի, Վիեննայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Տամպերեի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Այլ կատարումներից են Սկրյաբինի «Պրոմեթևսը» Զալցբուրգի փառատոնում, Մյունխենի ֆիլհարմոնիկի, Շթութգարդի ռադիոյի սիմֆոնիկ, Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ, Դանիական ազգային սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
Ա. Լյուբիմովն իրականացրել է ժամանակակից երաժշտության բազմաթիվ պրեմիերաներ Ռուսաստանում և այնտեղ հիմնադրել «Այլընտրանք» երաժշտական փառատոնը:
Ա. Լյուբիմովն անցկացնում է վարպետության դասեր պատմական կլավիրներով` Բելգիայում, Բրիտանիայում, Ավստրիայում, բազմաթիվ միջազգային մրցույթների ժյուրիի մշտական անդամ է: 1997թ. Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնել է պատմական և ժամանակակից կատարողական արվեստի ֆակուլտետը: Ա. Լյուբիմովը Զալցբուրգի «Մոզարտեում» համալսարանի պրոֆեսոր է: Նրա հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն երաժշտությամբ և ընդգրկում են նաև արվեստի և մշակույթի այլ տարբեր ճյուղեր: Հին և նոր երաժշտություն կատարելը չի խանգարել Ալեքսեյ Լյուբիմովին լինել դասական և ռոմանտիկ երկացանկի ականավոր կատարող, ինչը ակնհայտ է նրա բազմաթիվ ձայնագրություններից, որոնց թվում են Մոցարտի ամբողջական սոնատները, Շուբերտի, Շոպենի, Բեթհովենի և Բրամսի, ինչպես նաև 20-րդ դարի կոմպոզիտորների երաժշտություն` թողարկված «Մելոդիա», «Էրատո», «ԲԻՍ», «Սոնի Կլասիքալ», «ECM», «Հարմոնիա Մունդի» ընկերությունների կողմից: Ալեքսեյ Լյուբիմովը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է: