02/10/2014 13:17
Կադաստրը մեկ տարվա ընթացքում տրամադրել է 191700 միավոր տեղեկատվություն
Կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններում քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից 2013 թվականի ընթացքում ստացվել է գույքի ու դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման 158709 դիմում (հարցում), որոնց հիման վրա կադաստրի պետական կոմիտեի կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետների հստակ պահպանմամբ տրամադրվել է շուրջ 191700 միավոր տեղեկատվություն: Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ժանգոտ կողպեքը տրվել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին:
«Եվ սա միայն քաղաքացիների և իրավաբանական անձանց տեղեկատվության տրամադրման մասով, մինչդեռ կադաստրի տեղեկատվական ապահովման գործառույթի մաս է կազմում նաև այլ՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին գույքի ու դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական ապահովումը, որի ծավալները միայն 2013 թվականի ընթացքում կազմել է 353870 միավոր: Ահա այսպես «դանդաղ», սակայն հաստատուն նշված թիվը 2014 թվականի միայն 9 ամիսների ընթացքում կազմել է արդեն 287000 միավոր:
Հետաքրքիր է՝ որքան կկազմեին ներկայացված թվերը, եթե կադաստրը աշխատեր այնպես «արագ», որքան որ կցանկանային մրցանակաբաշխության հեղինակները:
Մյուս կողմից պետք է նկատել, որ տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը բացարձակ չէ և սահմանափակվում է այլ անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների չհրապարակման սկզբունքներով: Հանրությանը տեղեկատվական ապահովման գործառույթն իրականացնելիս կադաստրի պետական կոմիտեն միշտ պահպանում է տեղեկատվության ազատության և դրան հավասարակշռող` այլ անձանց գաղտնիքը համարվող տեղեկությունների չհրապարակման` օրենքով ամրագրված սահմանափակումները, ինչը, սակայն, կարելի է փորձել որակել որպես տեղեկատվության ազատության «խախտում»:
Կարծում ենք, որ ցանկացած հարց պետք է դիտարկվի ամբողջության մեջ, և չի կարող օրենսդրությամբ սահմանված որոշակի շահերի պաշտպանությունը իրականացվել մեկ այլ շահերի ոտնահարման հաշվին»,- ասված է կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությունում: