02/10/2014 09:52
Ի՞նչ են պայմանավորվել ՀՀԿ-ական մարզպետը և ԲՀԿ-ական քաղաքապետը
«Հրապարակում» կարդում ենք. «Տավուշի մարզում հոկտեմբերի 4-ին՝ շաբաթ օրը, պատրաստվում են եռյակի հանրահավաքին: Այն տեղի է ունենալու Իջևանում, որի քաղաքապետը ԲՀԿ-ական է: Իսկ մարզի ղեկավարը ՀՀԿ-ական Հովիկ Աբովյանն է, ով նաև ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է:
Որքան էլ պնդումներ հնչեն, թե ԲՀԿ ղեկավարի ընդվզման շառավիղը մինչև իր բիզնես շահերի սահմանագիծն է, և նա չի կարող գնալ իշխանության հիմքերը խարխլելուն, սակայն լոկալ հանրահավաքներից իշխանությունը մտահոգություն ունի: Այսինքն՝ ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական մարզային չինովնիկների մակարդակով բախում կա, յուրաքանչյուրն իր ղեկավարին պետք է ապացուցի կարողությունները. ՀՀԿ-ն՝ խոչընդոտներ ստեղծելու առումով, ԲՀԿ-ն՝ զանգված հավաքելու: Եվ, որպեսզի այս շահերը սուր չբախվեն, մարզպետի և քաղաքապետի միջև արդեն պայմանավորվածություն կա:
Տավուշից «Հրապարակին» հասած լուրերի համաձայն՝ մարզպետն ու քաղաքապետը պայմանավորվել են պահպանել հավասարակշռությունը, որ միտինգավորները չդառնան «խելագարված ամբոխներ», որպեսզի քաղաքապետի հետագա պաշտոնավարման վրա չազդի, և հակառակ կողմից էլ չլինեն տհաճ միջամտություններ:
Թերևս, սա է պատճառը, որ քաղաքապետ Վարդան Ղալումյանը միտինգի նախապատրաստական աշխատանքների մասին հարցից նախօրեին փրփրեց և հրաժարվեց որևէ բան ասել, իսկ Աբովյանը թերթի հետ զրույցում անվրդով ներկայացրել է իրենց առաջիկա անելիքները»:
Հարցին` ի՞նչ եք պայմանավորվել ԲՀԿ-ական քաղաքապետի հետ առաջիկա հանրահավաքի թեմայով, պատասխանել է. «Ոչ մի պայմանավորվածություն չունեմ, ես չեմ քննարկել էդ թեման, ինչի՞ պիտի քննարկեմ»: