02/10/2014 15:50
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պաշտոնյա. Հայաստանում մեդիա ոլորտում առաջընթաց կա
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, այսօր հանրությանը ներկայացրեց հայաստանյան լրագրողների կողմից սոցիալական մեդիան՝ որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելու հարցման արդյունքները: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից:
Հարցումը, որն անցկացվել է 2014 թ. մայիս - հունիս ժամանակահատվածում, ներառում է հարցազրույցներ թվով հարյուր ԶԼՄ մասնագետների հետ՝ հեռուստաընկերություններից, ռադիո և առցանց լրատվամիջոցներից, ինչպես նաև ինը հիմնական լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքներ, այդ թվում՝ հինգ առցանց, մեկ տպագիր և երեք հեռուստաալիքների կողմից թողարկված վեց ծրագիր: Ուսումնասիրության նպատակն էր դիտարկել, թե ինչպես են հիմնական լրատվամիջոցներն օգտագործում սոցիալական մեդիան, և որքանով են սոցիալական լրատվամիջոցներն ազդում լրատվության որակի, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվության հոսքի վրա:
«Արդյունքները, որոնք ստացվել են «Ռեգիոն» հետազոտությունների կենտրոնի կողմից, թույլ են տալիս մանրամասն պատկերացում կազմել ավանդական և սոցիալական լրատվամիջոցների հարաբերությունների մասին Հայաստանում», - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը. - «Ստացված տեղեկատվությունը վկայում է մեդիա ոլորտում առաջընթացի մասին: Կարևոր է սակայն, որ կառուցվածքային ու օրենսդրական բարեփոխումները շարունակվեն՝ ԵԱՀԿ հանձնառություններին համաձայն»:
Ըստ հետազոտության՝ ավանդական ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերից օգտվելիս, տեղեկատվական իննսունինը տոկոսը ստանում են «Facebook»-ից: Գրեթե բոլոր հարցվածները նշել են, որ առկա է մրցակցություն ավանդական և սոցիալական լրատվամիջոցների միջև: Իննսունչորս տոկոսը նշել է, որ սոցիալական մեդիան հանրային նշանակության տեղեկատվության աղբյուր է: Ինչ վերաբերում է սոցիալական լրատվամիջոցների արժանահավատությանը, հարցվածների միայն քսանչորս տոկոսը չի վստահում սոցիալական ցանցերի աղբյուրներին:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախագահ Լաուրա Բաղդասարյանը նշեց. «Այս հետազոտության միջոցով մենք, կարծես Հայաստանի համար առաջին անգամ նկարագրել ենք սոցիալական ցանցերի և հայաստանյան ԶԼՄ-ների փոխհարաբերությունները, որոնք որոշ հարցերում մրցակցային են, մյուսներում՝ կորպորատիվ: Կարծում եմ՝ նման հետազոտությունը կոնկրետություն և առավել առարկայական բնույթ կհաղորդի այս թեմայով քննարկումներին, այն նաև ինֆորմացիայի աղբյուր է թեմայող զբաղվող տեսաբանների համար»:
Հետազոտության մանրամասն արդյունքները՝ ստորև: