02/10/2014 17:24
Պետք է դադարեցնել նվաստացնել Օմբուդսմենի ինստիտուտը. Կ. Անդրեասյան
Այսօր ԱԺ-ում ՄԻՊ Կարեն Անդրեասյանից ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը հետաքրքրվեց, թե միջազգային կառույցների հետ համագործակցության ուղղությամբ ՄԻՊ-ն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում:
«Հետևում ենք ձեր գործունեությանը և ՄԻՊ-ի աշխատանքներին: Անկեղծ ասած՝ շատ մոդայիկ է դարձել, որ պատգամավորին մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերում: Ինձ դուր եկավ, որ բոլորին հորդորում եք միասին աշխատել, բայց դուր չի գալիս, որ պատգամավորին մեղադրում եք: Դուք ինքներդ ասացիք, որ առողջապահության ոլորտում կա խնդիր, օրենսդրական բացեր, որը պետք է լրացնի Կառվարությունը: Մենք ձեզ հարգում ենք և ակնկալում ենք նույն հարգանքը մեր հանդեպ: Ուզում եմ նաև իմանալ, թե այն մարդիկ, ովքեր հատել են հայ-ադրբեջանական սահմանը, նրանց հետ կապված դիմե՞լ եք միջազգային կառույցներին և այդ կառույցներում, դուք որքանով եք ձեր աշխատանքը գնահատում: Այս ոլորտում, դուք գո՞հ եք ձեր աշխատանքից»,- հետաքրքրվեց պատգամավորը, որին ի պատասխան ՄԻՊ-ն արձագանքեց.
«Իմ ակնկալիքներն ԱԺ-ից հենց վկայում են պատգամավորների հանդեպ իմ հարգանքի մասին: Այսինքն, եթե հույս չունես, և քո ակնկալիքները ցածր են, երբեք չես դիմի այդ կառույցին: Այնպես որ՝ հարգանքը փոխադարձ է»,- ասաց Օմբուդսմենը:
Ինչ վերաբերում է մեղադրանանքրին, ապա Կ. Անդրեասյանը նկատեց, որ, այո, պատգամավորն իրավացի է, որ ոչ ոք չի կարող ԱԺ-ին մեղադրել, սակայն ԱԺ պատգամավորների կողմից հնչեցրած հայտարարությունները երբեմն զավեշտ են հիշեցնում:
«Այո, երբեմն զավեշտի է հասնում այն, որ Օմբուդսմենին են մեղադրում, որ այս կամ այն հարցը լուծված չէ: Եվ դա գալիս է պարզապես որոշ մարդկանց անտեղյակությունից, որոնք չգիտեն, որ ես ընդամենը խորհուրդ եմ տալիս»,- նշեց Կ. Անդրեասյանը՝ հիշեցնելով նաև, որ ինքը տարին մեկ անգամ է լինում ԱԺ-ում և ներկայացնում է բոլոր խնդիրները, որոնք առկա են:
«Ես ընդամենն ասացի, որ խախտումները շատացել են, և ընդգծեցի, որ 2013 մեր կառույցի համար տխուր տարի էր: Փոխանակ ասեմ, որ քչացել են այդ խախտումները, տարեցտարի ասում եմ, որ դրանք ավելացել են: Անթույլատրելի է, որ Գլխավոր դատախազության հրահանգով, հակաիրավական ու հակամարդկային ձևով հարձակվում են ՄԻՊ ինստիտուտի ներկայացուցչի վրա: Ես խոսեցի այդ ինստիտուտների հնարավորությունների մասին և շեշտեցի, որ մինչև այդ ինստիտուտները չպարտակեն իրենց սխալները, կունենանք այս պատկերը»,-ասաց Օմբուդսմենը:
Ինչ վերաբերում է միջազգային կառույնցերի հետ աշխատանքին, ապա Կ. Անդրեասյանն ընդգծեց, որ ՄԻՊ աշխատանքը դրսում այնքանով է արդյունավետ, որքանով Հայաստանում է: «Մեր գործընկերները և պետական մարմինները, եթե ուզում են, որ ՄԻՊ-ն ակտիվանա, ապա պետք է դադարեն նվաստացնել Օմբուդսմենի ինստիտուտը»,- հավելեց նա:
Իսկ Կարինե Աճեմյանը ընդգծեց, որ ուզում էր պարզապես հետաքրքրվել, թե ՄԻՊ-ն ինչ աշխատանքներ իրականացրել Կարեն Պետրոսյանի դին հայրենիք հետ վերադարձնելու ուղղությամբ: «Բոլորս ուրախացանք, երբ Հակոբ Ինջիղուլյանին տեսանք: Ուզում էի հարցնել, թե դուք կանկրետ ինչ աշխատանքներ եք տարել միջազգային կառույցների հետ՝ Կարեն Պետրոսյանի հետ կապված»,-արձագանքց պատգամավորը, որին ի պատասխան օմբուդսմենը հավելեց:
«Գրել եմ գրություն ՄԱԿ, բայց, ցավոք, դիմումը, չի հասել հանձնակատարին, որովհետև ՄԱԿ-ի հանձնակատարը փոխվեց: Գրել եմ դիմում, որպեսզի իմ գրությունը հասնի նոր հանձնակատարին»,-ասաց նա՝ նշելով, որ գործն ընթացքի մեջ է և ինքն առաջիկա երկուշաբթի օրը պատրաստվում է հանդիպել մրդու իրավունքների Եվրոպական հանձնակատարի հետ:
«Այնտեղ գործընթացները ոչ հրապարակային են իրականցվում: Վստահ եմ, որ մենք ժամանակին փորձում ենք մեր գորընկերներին տեղյակ պահել բոլոր խնդիրների մասին, ովքեր փորձում են մեզ աջակցել»,- հավելեց Անդրեասյանը:
Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Մարդու իրավունքները խախտվում են Դատախազության և ոստիկանության պատճառով