02/10/2014 15:29
Կարեն Անդրեասյան. Մենք քննադատել ենք, բայց պատշաճ արձագանք չի եղել
Այն, ինչ այս օրերին է տեղի ունենում, մտահգության տեղիք է տալիս: ՄԻՊ զեկույցը լսելուց հետո խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, ով Օմբուդսմենին հորդորեց այս օրերին մեծ ուշադրություն դարձնել հասարակության վրա:
«Պետք է հնարավորինս այս օրերին ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարկության վրա»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ քաղաքացիական շարժումները այս օրերին գնալով ակտիվանում են:
Կ. Անդրեասյանն էլ արձագանքելով ասաց, որ ՄԻՊ-ը միշտ էլ ուշադիր է և միշտ հետևում է հասարակական անցուդարձին:
«2013 թվականի ՄԻՊ զեկույցում մենք ասել ենք, որ բազմաթիվ անձանց, այդ թվում և անչափահասների, հրավիրել են ոստիկանություն և այնտեղ պահել, որի իրավասությունը ոստիկանությունը չունի: Մեր այս թղթի վրա բերված կետերը մնում են անտեսված: Խնդիրը նրանում է, որ պահպանվել են այն դեպքերը, որոնց մենք իրավական գնահատական ենք տվել և որակել որպես հակաիրավական գործողություն»,- ասաց Կ. Անդրեասյանը:
Վերջինս ԱԺ-ին կոչ արեց, որպեսզի այդ արձագանքները անտեսված չլինեն, այն դեպքում, երբ ԱԺ-ն է Օմբուդսմենի կառույցը ստեղծել:
«Գոնե մեր դեպքում՝ քաղաքացիներին խնդրում ենք նախ ահազանգել թեժ գծին: Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, ապա նշեմ, որ վերջին 1- 1.5 տարվա դեպքում քաղաքացիները դժգոհել են ոստիկանությունից և չի եղել մի դեպք, որ ՄԻՊ-ը չարձագանքի:
Մենք քննադատել ենք, բայց պատշաճ արձագանք չի եղել: Երբեմն լինում են ինդիվիդուալ դեպքեր, երբ մենք կարողանում ենք խնդիր լուծել, բայց լինում են դեպքեր, որ մենք չենք կարողանում ոստիկանությանը ստիպել: Մենք խնդիրը միայն ամփոփում ենք, իսկ ստիպել կարող է միայն ԱԺ-ն»,-ասաց նա: